Արցախի Նոր Կարմիրավան գյուղում մարդակերպ կոթողների հայտնաբերումը կարևոր է քաղաքական առումով

Արցախի Նոր Կարմիրավան գյուղում  մարդակերպ կոթողների հայտնաբերումը կարևոր է քաղաքական առումով

PanARMENIAN.Net - ԼՂՀ Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում նոր մարդակերպ կոթողներ են հայտնաբերվել: Նոր Կարմիրավանից հայտնաբերված կոթողները գալիս են հաստատելու այն կարծիքը, որ այս կոթողները կանգնեցվել են հատկապես Արցախի մարգագետնա-տափաստանային գոտում` ներկայիս Մարտակերտի շրջանում և շրջակայքում, տեղեկացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Նժդեհ Երանյանը:

«Նախ նշեմ, որ Արցախից արդեն հայտնաբերվել է մոտ երեք տասնյակ նմանատիպ կոթող: Կոթողների այս խումբը, որը պայմանական կարելի է անվանել արցախյան, առանձնանում է պատկերագրական և տեխնիկական որոշ առանձնահատկություններով: Արցախի քարե մարդակերպ կոթողները երկրամասի նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են:

Սալերը երկու հորիզոնական ակոսների միջոցով բաժանվում են երեք մասի՝ ընդգծելով մարմնի երեք մասերը՝ գլուխը, իրանը և ներքնամասը: Կոթողները քանդակված են ինչպես դիմացից, այնպես և հակառակ կողմից: Այս, ինչպես նաև պատկերագրական այլ մանրամասներ, ինչպես օրինակ ձեռքերի դիրքը (բոլոր կոթողների վրա ձեռքերը ծալված են կրծքին), որոշ կոթողների վրա դաշույնի առկայությունը, խոսում են կոթողների ծիսա-պաշտամունքային դերի մասին: Այս կոթողները կանգնեցվել են կոլեկտիվի որևէ անդամի մահվան դեպքում: Հավանաբար, խոսքը գնում է մարդու մասին, ով սոցիալական բարձր խավի է պատկանել», - ասել է Երանյանը «Արցախթայմսը»:

Նրա խոսքով, նորահայտ կոթողները մեծ հետաքրքրություն են ներկայացնում նախ և առաջ մասնագիտական տեսանկյունից: Այս նյութը թույլ է տալիս հաստատել կամ մերժել նախկինում արված որոշ ենթադրություններ:

Երանյանը նշել է, որ նախնական դիտարկման արդյունքում արդեն նկատելի է, որ նորահայտ կոթողներն առանձնանում են իրենց խոշոր չափերով, շատ ավելի լավ են պահպանվել և որոշ պատկերագրական դետալներ ավելի լավ են երևում, քան Արցախից հայտնի մյուս կոթողների դեպքում: Հետաքրքրական է նաև այսքան կոթողների կուտակումը մեկ վայրում: «Այս դեպքում գուցե կարելի է խոսել նաև այն մասին, որ կոթողները գտնվում են իրենց կանգնեցման նախնական վայրում: Այս հարցին կարելի է պատասխանել միայն հետախուզական պեղումներից հետո»:

Փորձագետի խոսքով, այս կոթողների հետազոտությունը կարևոր է նաև քաղաքական առումով: «Ադրբեջանցի որոշ հետազոտողներ սկսած անցած դարի 60-ական թվականներից փորձել են դրանց վերագրել աղվանական ծագում, իսկ դրանց տարածվածությունը Արցախում դիտել որպես աղվանական էթնոմշակութային սուբստրատի առկայություն: Այս ուշագրավ մշակութային երևույթի չեզոք նկարագրությունն ու պարզաբանումը, նրանց գործառույթի, ժամանակագրության և պատկերագրության հստակեցումը հնարավոր են դարձնում խոսել ընդարձակ մշակութային մի երևույթի մասին, որ տարածված էր ամբողջ Առաջավոր Ասիայում և մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբների ժողովուրդների և մշակույթների հզոր տեղաշարժի ամենաէական վկայություններն են»:

Երանյանի խոսքով, հետևաբար այդ հուշարձանների հետազոտությունը, նրանց հստակ ժամանակագրության և էթնոմշակութային պատկանելության խնդիրների քննությունը ներկայացնում է ոչ միայն գիտական հետաքրքրություն, այլև հնարավորություն է տալիս մերժել ադրբեջանական զեղծարարությունները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---