Երևանում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ

Երևանում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ

PanARMENIAN.Net - 2016թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, Երևանի Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից վերակառուցված պուրակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ տոնավաճառին նախատեսվում է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող մոտ 60 գործատուի մասնակցություն, որոնք կներկայացնեն 210 առկա և 30 սպասվելիք թափուր աշխատատեղ:

Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները և գործատուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանի աշխատաշուկայի զարգացման միտումներին, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցման ծրագրերին, որոնք, մասնավորապես, ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց, նրանց՝ աշխատանք գտնելու հնարավորություններին:

Երևանում 2016-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 16.336, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.5%-ով (17.107 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82.0%-ը կամ 13.400 մարդ:

Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 74.8%-ը, կամ 10.016 մարդ: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 11.936 անձ կամ 89.1%-ը:

Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, տնտեսագետները, բուժքույրերը, վարորդները, սպասարկման ոլորտի մասնագետները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---