Երևանյան 2-րդ կիսամարաթոնի հաղթողները պարգևատրվել են

Երևանյան 2-րդ կիսամարաթոնի հաղթողները պարգևատրվել են

PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 16-ին անցկացվել է վազքի երկրորդ կիսամարաթոնը, որի գլխավոր նպատակը զանգվածային սպորտի տարածումն ու առողջ ապրելակերպ քարոզելն էր:

Վազքարշավին ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը: Վազքը կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ: Գլխավոր հովանավորն էԿոկա-Կոլա ընկերությունը:

Առավոտյան նախավարժանքից հետո Ստ. Շահումյանի անվան հրապարակից տրվել է կիսամարաթոնի մեկնարկը: Վազքուղին չափագրված է մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ունի միջազգային կարգավիճակ: Վազքարշավը բաժանված էր 4 մրցատարածության. 1 կմ` 6-12 տարեկան երեխաներ, 5 կմ` 13 տարեկան և բարձր տարիքի վազորդներ, 10 կմ` 16 տարեկան և բարձր տարիքի մասնակիցներ, և ամենաերկարը`21.1 կմ, որը հաղթահարել են 18 և բարձր տարիքի վազորդները:

Մանկական վազքում տղաների պայքարում հաղթել է Վարդան Նազարեթյանը, աղջիկներից ամենաուժեղն է եղել Պոլինա Ռեդկինան, 5 կմ մրցատարածությունում տղաներից հավասարը չի ունեցել Վանյա Սարգսյանը, աղջիկներից` Եկատերինա Լապկինան: 10 կմ-ում տղամարդկանց պայքարում վերջնագիծը առաջինն է հատել Երվանդ Մկրտչյանը, աղջիկներից` Էլլադա Ալավերդյանը, և 21 կմ վազքատարածությունում տղամարդկանցից հաղթողի կոչումը նվաճել է Դավիթ Կարազաշվիլին, կանանց պայքարում ուժեղագույնն է եղել Եկատերինա Մոիսեևան:

Եռյակներում տեղ գրաված վազորդները պարգևատրվել են համապատասխանաբար 500.000, 375.000 և 250.000-ական ՀՀ դրամով: Դրամական մրցանակներ են ստացել նաև 5 և 10 կմ վազքատարածության եռյակներում հայտնված վազորդները:

Անկախ ցուցաբերած արդյունքից՝ բոլոր մասնակիցները ստացել են հուշամեդալներ, որոնք, ի դեպ, պատրաստվել են Իսպանիայի Trofeos y Medallas Deportivas.S.L. հայտնի ընկերությունում: Բացի անհատական մրցանակներից, սահմանվել էր նաև թիմային երեք մրցանակ` ամենատարեց մասնակից թիմ, ամենաարագ թիմ և ամենալավ աջակից թիմերի համար: Հիշեցնենք, որ կիսամարաթոնից դեռ օրեր առաջ կազմակերպիչներն ստեղծել էին անվճար մարզման ակումբ։

Մարզական այս միջոցառման անցկացման հիմքում նաև մայրաքաղաքում և հանրապետությունում մարզական տուրիզմը զարգացնելն ու Երևանում միջազգային խոշոր ամենամյա վազքի մարաթոններ կազմակերպելն էր, ինչպես նաև սփյուռքահայ մարզիկների և սիրողական վազորդների համար մայրաքաղաքն ավելի գրավիչ դարձնելը` այդ կերպ ամրապնդելով նաև նրանց կապը հայրենիքի հետ:

Ի դեպ, Երևանի կիսամարաթոնը բարեգործական բաղադրիչ էլ ուներ. 5 կմ վազքուղում մրցել են նաև հաշմանդամ վազորդներ։ Բացի այդ, կիսամարաթոնը պաշտոնապես սատարում է 4 բարեգործական ծրագրի («Հայ մայրեր», One Armenia, «Օրրան», «Բերդի շրջանում բազմազավակ ընտանիքներին գյուղատնտեսական օգնություն»)։ Կիսամարաթոնի գլխավոր հովանավորն է «Կոկա-Կոլա ընկերությունը», գաղափարի կայացմանն աջակցել էին Ինեկոբանկը, Publicis Արմենիա, Բարրի, Բեստ Վեսթերն Կոնգրես և մի շարք այլ ընկերություններ ու Հայաստանի վազքի ակումբները։ Երևանյան կիսամարաթոնին մասնակցել են շուրջ 2000 վազորդներ`ավելի քան 30 երկրից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---