Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների օրենքի ընդունումը կարագացվի, մեքենաների ձևական տեխզննման դեմ կպայքարեն

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների օրենքի ընդունումը կարագացվի, մեքենաների ձևական տեխզննման դեմ կպայքարեն

PanARMENIAN.Net - Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կանոնակարգմանն ուղղված օրինագիծը լիովին թույլ չի տա խուսափել վթարներից, քանի որ պետք է ամբողջ հասարակությունն աշխատի այդ ուղղությամբ: Այս մասին լրագրողներին, անդրադառնալով վերջին օրերի խոշոր վթարներին, ասել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Մենք կփորձենք, իհարկե, ավելի արագացնել օրենքի ընդունումը, բայց, եկեք ճիշտ հասկանանք՝ միայն օրենք փոխելով հարցը չի լուծվի, որովհետեւ գործ ունենք կոնկրետ մարդկանց հետ, ավտոբուսի վարորդի հետ: Ամբողջ հասարակությունը պետք է աշխատի նրանց հետ»,-նշել է Մարտիրոսյանը, գրում է A1plus.am-ը:

Նա անդրադարձել է նաեւ Բեսլանի մոտակայքում Մոսկվա­-Երևան ավտոբուսի վթարին՝ նշելով, որ փոխհատուցում նախատեսված չէ, բայց օգնություն տուժածներին կտրամադրեն, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպես եւ ինչ տեսակի:

Ասուլիսին ներկա՝ նախարարի տեղակալ Արամ Արսենյանն էլ նշել է, որ օրենքով փորձելու են վերահսկել, որ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն իսկապես լինեն ոչ կանոնավոր, այսինքն՝ դա կատարվի միայն պատվերով, պայմանագրի առկայության դեպքում:

Արսենյանը տեղեկացրել է նաև, որ հանվել է այն վարկածը, թե բեռնատարը, որին բախվել է ավտոբուսը, սխալ տեղ է կայանված եղել:

«Վթարի այլ պատճառ առայժմ չեմ կարող հաղորդել, դա կարող է լինել եւ մեքենայի անսարքությունը, եւ մարդկային գործոնը, եւ վարորդի առողջական վիճակը»:

Ի դեպ, խոսելով վարորդների առողջական վիճակի մասին, փոխնախարարը նշել է, որ օրենքով վարորդները բուժզննում են անցնում միայն հիվանդության առկայության դեպքում, սակայն ԱԺ ներկայացված օրինագծով ցանկանում են այնպես անել, որ բոլոր վարորդները, անկախ հիվանդության առկայությունից, պարտադիր բուժզննում անցնեն ղեկին նստելուց առաջ:

«Բացի սա, ուզում ենք բացառել ձևական տեխզննումների փաստը: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ շատ հաճախ վարորդները ձեւական ձեռք են բերում տեխզնման թուղթը: Ուզում ենք անցնել էլեկտրոնային համակարգի, վերացնենք ընդհանրապես տեխզննման կտրոն հասկացությունը»:

Արսենյանը հավելել է, որ այժմ միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող 16 ընկերություն կա, մնացածը գործում են ոչ կանոնավորների անվան տակ:

Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է, 27՝ տուժել: Աշխատանքները տեղում կազմակերպելու համար հոկտեմբերի 14-ին ՌԴ են մեկնել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը:

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:

Վլադիկավկազում հոկտեմբերի 15-ի դրությամբ բուժվում էր ստանում ավտոբուսի վթարից տուժած ութ ՀՀ քաղաքացի: Իսկ Երևան 14-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հոսպիտալացվածներն արդեն դուրս են գրվել։

Կարդացեք նաև՝ ԱՆ. Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում տուժածներից երեքի վիճակը միջին ծանրության է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---