Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած 1 քաղաքացի Վլադիկավկազից տեղափոխվել է ՀՀ

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած 1 քաղաքացի Վլադիկավկազից տեղափոխվել է ՀՀ

PanARMENIAN.Net - Բեսլանի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի չորս քաղաքացիներից մեկը Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան։ Աչքի վնասվածքով տուժածին Հայաստանի սահմանին դիմավորած շտապօգնության մեքենան տեղափոխել է Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա: Կատարվում են համալիր հետազոտություններ, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշված է նաև, որ վթարից տուժած Հայաստանի մյուս քաղաքացիները շարունակում են ողջ ծավալով անհրաժեշտ բուժում ստանալ Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է, 27՝ տուժել: Աշխատանքները տեղում կազմակերպելու համար հոկտեմբերի 14-ին ՌԴ են մեկնել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը:

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---