Զեկույց. Հուլիս-սեպտեմբերին ՀՀ-ում ԶԼՄ-ներն ու լրագրողները գործել են ծայրահեղ բարդ պայմաններում

Զեկույց. Հուլիս-սեպտեմբերին ՀՀ-ում ԶԼՄ-ներն ու լրագրողները գործել են ծայրահեղ բարդ պայմաններում

PanARMENIAN.Net - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2016-ի երրորդ եռամսյակային (հուլիս-սեպտեմբեր)զեկույցի ամփոփումը: Նշվում է, որ 2016 թվականի երրորդ եռամսյակում հայաստանյան լրատվամիջոցներն ու լրագրողները գործել են ծայրահեղ բարդ պայմաններում։

Երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի լարվածությունը՝ պայմանավորված «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմամբ ու դրան հաջորդած ցույցերով ու բախումներով, զուգորդվեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ լայնամասշտաբ բռնություններով և օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։

Ամփոփման մեջ ասված է, որԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ հարձակումների գագաթնակետը հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերն էր, երբ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին նաև լրագրողների ու օպերատորների նկատմամբ։

«Ըստ տուժած լրագրողների՝ նրանց հավաքել են մեկ տեղ և կիրառել են ձայնալուսային ու արցունքաբեր նռնակներ։ Այնուհետև ԶԼՄ-ների աշխատակիցները ենթարկվել են ծեծի, հետապնդումների և տարատեսակ խոչընդոտումների։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ հուլիսյան դեպքերի ընթացքում ֆիզիկական բռնության են ենթարկվել 19 լրագրող և օպերատոր, որոնցից 16-ը՝ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը։ ԶԼՄ-ների ևս 3 ներկայացուցիչներ հարձակման թիրախ են դարձել հուլիսի 17-29-ն ընկած ժամանակահատվածում։ Բացի դա, թեև առանց ուժի կիրառման, խոչընդոտվել է նաև 8 լրագրողի ու օպերատորի գործունեությունը։ Ծավալներով այս բռնությունները համադրելի են 2015 թվականի հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ խաղաղ ցույցը ցրելիս ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին նաև լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ։

Խիստ մտահոգիչ է այն, որ ինչպես 2015-ի հունիսի 23-ի դեպքերի ժամանակ, այնպես էլ այս տարվա հուլիսյան իրադարձությունների ընթացքում հարձակումները լրագրողների ու օպերատորների վրա նպատակաուղղված բնույթ են կրել։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները զուգորդվել են տեսանկարահանող սարքերը և ֆոտոխցիկները ջարդելով, նկարահանված կադրերը ոչնչացնելով և լրագրողական գործունեության այլ խոչընդոտումներով»։

Ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, երրորդ եռամսյակում արձանագրվել է ֆիզիկական բռնությունների 5 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող և օպերատոր։ Բացի այդ, 2016-ի երրորդ եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 16 փաստ։ Գրանցվել է նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 9 դեպք։

«Հատկանշական է, որ ՀՀ նախագահի՝ հուլիսյան իրադարձությունների առնչությամբ լրագրողներից ներողություն խնդրելուց հետո Հատուկ քննչական ծառայությունը որոշ առումով ակտիվացրեց իր գործողությունները` կապված ոչ միայն հուլիսյան իրադարձությունների, այլ նաև 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի նախաքննության հետ: Մասնավորապես, #ElectricYerevan-ին վերաբերող քրեական գործը հարուցելուց ավելի քան մեկ տարի հետո ՀՔԾ-ն վերջապես որոշեց մեղադրանք ներկայացնել այն ցույցերը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտած 4 ոստիկանին։ Ընդամենը չորսին։ Մինչդեռ նույն գործով տուժող են ճանաչվել 21 լրագրող և օպերատոր»,- նշվու է զեկույցում։

Հուլիսյան դեպքերի առնչությամբ նույնպես Հատուկ քննչական ծառայությունը արդեն մեղադրանք է առաջադրել 8 անձանց, որոնցից 4-ի մասով նախաքննությունն ավարտվել է, և նյութերը ուղարկվել են դատարան: Սակայն այս քայլերը ամենևին համարժեք չեն այդ իրադարձությունների ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտման ու նրանց նկատմամբ բռնությունների ծավալներին։

«ԶԼՄ-ների և լրագրողների գործունեության համար անբարենպաստ միջավայրի մասին են վկայում նաև արձանագրված մի շարք դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչներն ու այլ հայտնի անձինք արհամարհական ու վիրավորական արտահայտություններ են թույլ տվել լրագրողների հասցեին։

ԶԼՄ-ների, մասնավորապես՝ հեռուստաընկերությունների գործունեության օրենսդրական դաշտը բարելավելու առումով կարևոր էր երեք լրագրողական կազմակերպությունների՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մշակած օրինագիծը, որով առաջարկվում է «Հեռուստատեսության ե ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել։ Փաստաթղթի հեղինակները առաջարկում են թվային հեռարձակման պայմաններում ազատականացնել մասնավոր մուլտիպլեքսորների մուտքը շուկա, ինչպես նաև հստակեցնել մարզերում գործող այն տեղական հեռուստաընկերությունների կարգավիճակը, որոնք շարունակում են աշխատել անալոգային ռեժիմով։ Օրինագիծը սեպտեմբերի 15-ին ներկայացվել է Ազգային ժողովի 6 խմբակցություններին»,- ասված է զեկույցում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---