Հոկտեմբերի 27-ը. Աժ-ում ահաբեկչությունից 17 տարի է անցել

Հոկտեմբերի 27-ը. Աժ-ում ահաբեկչությունից 17 տարի է անցել

PanARMENIAN.Net - Արդեն 17 տարի է անցել այն օրվանից, երբ 1999-ի հոկտեմբերի 27-ին կրակոցներ հնչեցին Հայաստանի Ազգային ժողովում: ԱԺ նիստերի դահլիճ ներխուժած ահաբեկիչների խումբը գնդակահարեց այստեղ գտնվող Ազգային ժողովի և կառավարության ղեկավարներին և անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավոր Արմեն Արմենակյանը և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատգամավոր Միքայել Քոթանյանը:

Հանցագործներն էին` նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, որը որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստատեսությունում, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, և նրանց քեռին` Արամ Հունանյանը, ինչպես նաև` իր հայացքները կիսող ընկերները` Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Էդիկ Գրիգորյանը, Համլետ Ստեփանյանը: Դատավարությունը սկսվեց 2001 թվականի փետրվարի 15-ին և ավարտվեց 2003-ին: Ոչ նախաքննությունը, ոչ դատարանը չկարողացավ վերջնական պատասխան տալ այն հարցին, թե արդյոք ահաբեկիչները ինքնուրույն էին գործել, թե նրանց հետևում ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, կանգնած էր: Հանցագործության հնարավոր պատվիրատուների գծով հարուցված առանձին քրեական գործը, կարծես թե, փակուղի էր մտել: Ժամանակին, նախկին կառավարության պնդմամբ, հետաքննական մարմիններն ակտիվորեն շրջանառում էին այն տարբերակը, թե խորհրդարանի դեպքերին անմասն չի երկրի բարձրագույն ղեկավարությունը:

Սակայն, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հակառակորդներին չհաջողվեց նման եզրակացությունները հիմնավորել, չնայած ողբերգությունից հետո հենց ընդդիմությունն էր ղեկավարում նախարարների կաբինետը և լիովին վերահսկում դատախազությունը: (Սպանված վարչապետին փոխարինեց նրա կրտսեր եղբայր Արամ Սարգսյանը):

Ահաբեկչության իրականացման համար ամենահարմար օր էր ընտրվել չորեքշաբթին, երբ նախարարները գտնվում են Ազգային ժողովում` պատասխանելու օրենսդիրների հարցերին: Խորհրդարանի շենք ավտոմատներով մուտք գործել նրանց հաջողվել էր առանց դժվարությունների: Մշակված պլանը ձախողվել էր միայն սպանության իրականացումից հետո: Հունանյանը ստիպված էր համակերպվել, որ «հեղափոխությանն աջակցելու» հայրենակիցներին ուղղված իր կոչն անպատասխան մնաց: Նրա սպասումներին հակառակ, ժողովուրդը հավանության չարժանացրեց հեղաշրջման փորձը:

Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003-ի դեկտեմբերի 2-ին: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկչի հանդեպ կայացրեց վճիռ, որով 6-ը՝ ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման դատապարտվեց: Նաիրի և Կարեն Հունայանները, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ բանտարկության: Վռամ Գալստյանը 2004-ին մահացավ ԱԱԾ մեկուսարանում։ Նա ինքնասպան էր եղել՝ սավանով կախվելու միջոցով: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: 2010-ի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հայտնաբերվեց Ստեփանյանի դին: Բոլորը մեղավոր ճանաչվեցին հայրենիքի դավաճանության և ահաբեկչության մեջ: ՀՀ Վճռաբեկ դատարանն անփոփոխ թողեց դատավճիռը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---