Սյունիքում ադրբեջանցիների լքած հենակետերում զինամթերք է հայտնաբերվել

Սյունիքում ադրբեջանցիների լքած հենակետերում զինամթերք է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում առկա է լքված զինամթերք:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական զինված ուժերի ինժերենական ծառայության ջանքերով և Հումանիտար ականազերծման կենտրոնի փորձագիտական աջակցության շնորհիվ իրականացված հետազոտության արդյունքում նշված տարածքում` դեռևս 90-ականների մարտական գործողություններից հետո հակառակորդի լքած հենակետերում, հայտնաբերվել է զինամթերքի 2 կուտակատեղի` 44 միավոր 82 մմ, 12 միավոր 120 մմ ականանետի ականներ և 1 միավոր 100 մմ հրետանային չպայթեցված արկ:

Հայտնաբերված զինամթերքը հոկտեմբերի 27-ին ոչնչացվել է էլեկտրական ճայթիչ հրապատիճի կիրառման մեթոդով: Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում հակառակորդի մեկ այլ նախկին դիրքում լքված զինամթերքի նոր խմբաքանակի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են:

Այն տարածքները, որտեղ հայտնաբերվել է լքված զինամթերքը, Եղվարդ և Ուժանիս համայնքների բնակիչների կողմից օգտագործվում է որպես խոտհարք և արոտավայր, ինչը ևս մեկ անգամ զգոնության ու աչալրջության կոչ պետք է լինի համայնքների բնակիչներին`վերստին հիշեցնելով նրանց, որ կտրականապես արգելվում է մուտք գործել վտանգավոր տարածքներ:

«Միանշանակ է, որ լքված զինամթերքի հայտնաբերումը վառ ապացույցն է այն բանի, որ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հակառակորդի մարտկոցներն այս դիրքերից ականակոծել են Եղվարդ և Ուժանիս համայնքային կենտրոնները: Եվ, ըստ ամենայնի, մեր հրետանու նշանակետային գնդակոծման հետևանքով հակառակորդը խուճապահար լքել է դիրքերը, թողնելով զինամթերքը և արդեն կրակի պատրաստ արկերը»,- նշվում է հաղորդագրության տեքստում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---