Իրաքի բանակն ազատել է ԻՊ գրոհայիններից Մոսուլի հեռուստակենտրոնի շենքը

Իրաքի բանակն ազատել է ԻՊ գրոհայիններից Մոսուլի հեռուստակենտրոնի շենքը

PanARMENIAN.Net - Իրաքի բանակի ստորաբաժանումները ազատել են «Իսլամական պետության» գրոհայիններից շենքը, որտեղ գտնվում են Իրաքի պետական հեռուստատեսության տարածաշրջանային հեռարձակման ստուդիաները: Այդ մասին հայտնել է The Associated Press-ը իրաքյան գեներալի վրա հղումով, որը չի ցանկացել հրապարակել իր անունը: Ըստ գործակալության, հեռուստատեսության շենքը գտնվում է արևելյան Մոսուլում:

Ըստ ԱՄՆ հետախուզության, Մոսուլում այժմ ԻՊ մոտ 3,5-5 հազար գրոհային կա, որոնք կատաղի դիմադրություն են ցույց տալիս բանակին, հայտնում է Ինտերֆաքսը:

Շիա զինյալների «Բադրա կազմակերպություն» խմբավորման գրոհայինները հայտարարել են Մոսուլի մատույցներում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներից 5 գյուղ ազատագրելու մասին: Շիա զինյալները նաև թունելների մեծ ցանց են հայտնաբերել Մոսուլի արվարձանում: Այդ թունելների ցանցում կա կապի կենտրոնացված համակարգ, պայթուցիկ նյութերի պահեստարան: «Թունելների ցանցն ամբողջությամբ ականապատված է, այն կվնասազերծվի»,-հայտարարել է շիաների կազմակերպությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի ռազմաօդային ուժերը Մսոուլում ավիահարվածով ոչնչացրել են ԻՊ հետ կապակցված «Ջունդ ալ Խալիֆա» խմբավորման պարագլուխներից մեկին:

Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---