Կարմիր գծերի, արագաչափերի ու տեսախցիկների տուգանքները կուղղվեն պետությանը

Կարմիր գծերի, արագաչափերի ու տեսախցիկների տուգանքները կուղղվեն պետությանը

PanARMENIAN.Net - Կարմիր գծերի, արագաչափերի ու խախտումներն արձանագրող տեսախցիկների տուգանքների գումարները կուղղվեն պետությանը: Այս մասին հայտարարվել է ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած քննարկմանը:

«Մեկ տարի առաջ մենք այստեղ խորհրդակցություն անցկացրեցինք, մեկ անգամ ևս ընդգծեցինք, որ այդ համակարգերի ներդրումը պայմանավորված չէր ֆինանսական ակնկալիքներով, և տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն: Այսինքն` տուգանքը նպատակ չի, ընդամենը միջոց է, որպեսզի այդ խնդիրները կարգավորվեն: Եվ մենք հանձնարարություն տվեցինք համապատասխան մարմիններին՝ մեկ անգամ ևս ուշադրությամբ ուսումնասիրել ողջ գործընթացը, և եթե որոշակի խնդիրներ կային, ապա դրանց տալ լուծումներ: Սկսած հենց երթևեկության կանոնների կարգավորումից, ավարտած տուգանքների չափերով», - ասել է նախագահը:

Նրա խոսքով, այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ամբողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից:

«Ուրեմն, հանձնարարական կառավարությանը՝ լուծել այս հարցը` բնականաբար, հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը: Ես կարծում եմ, որ լուծումները կան և այդ լուծումները նաև պիտի բերեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Նույն հանձնարարությունը ոստիկանապետին, Երևանի քաղաքապետին», - շեշտել է Սարգսյանը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Հանրապետության նախագահը հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին:

ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է նաև շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղերի կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

Մինչև տարեվերջ ձեռնամուխ լինել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակմանը ու ընդունմանը՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի, էական արդյունքներ: Լրացուցիչ միջոցառումներ մշակել վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման գործող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է ՀՀ ոստիկանության պետի հետ համատեղ քննարկել և 20-օրյա ժամկետում միջոցներ ձեռնարկել վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձինք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---