Թուրքիայի հայերի հոգեւոր առաջնորդը սատարում է Էրդողանի կուսակցությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) ստացել է Կոնստանդինոպոլսի պատրիարք, Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանի աջակցությունը: Գերմանական «Շպիգել» ամսագրին տված հարցազրույցում պատրիարք Մութաֆյանը նշել է, որ հայ համայնքը ԱԶԿ-ն գերադասում է սոցիալ-ժողովրդավարական ժողովրդական կուսակցությունից (ՍԺԿ): Հիշեցնելով հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը` արքեպիսկոպոսն ընդգծել է, որ հուղարկավորության ժամանակ դրսեւորված համերաշխությունն անհետացել է եւ թուրք հասարակության մեջ կրկին նկատվում են ծայրահեղ ազգայնական հռետորության դրսեւորումներ: «Հայերը կրկին միայնակ մնացին: Սակայն ես չեմ կարծում, որ սպանության հետաքննումը արդար արդյունքի կհանգեցնի: Հանցագործության կազմակերպիչները օգտվում էին Թուրքիայի որոշակի շրջանակների աջակցությունից եւ պաշտպանությունից»,-ասել է Մութաֆյանը: Նա նաեւ հայտարարել է, որ մտադիր է այցելել Անկարա Թուրքիայի գլխավոր շտաբի պետի հետ բանակցելու համար այն լուրերի առնչությամբ, որ զինված ուժերը կապ ունեն Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչների հետ: «Ես կհարցնեմ նրան` ի՞նչ խորհուրդ կտաք հայերին, ի՞նչ պետք է մենք անենք»,-մեջբերում է ամսագիրը պատրիարքի խոսքերը: Մ.Մութաֆյանը նշել է նաեւ, որ հզորանում են այն շրջանակները, որոնք ցանկանում են, որ հայերը լքեն Թուրքիան: Նա նաեւ քննադատել է հայկական սփյուռքին: «Սփյուռքի հայերը չեն հասկանում մեր իրավիճակը: Մենք չենք կարող ժխտել 1915 թվականի կոտորածը, սակայն մենք պետք է դեպի ապագան նայենք եւ փորձենք երկխոսություն հաստատել թուրքերի եւ հայերի միջեւ»,-ընդգծել է Ստամբուլի հայ համայնքի առաջնորդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---