Մի շարք պետհիմնարկներ են լուծարվել. Ավելի քան 270 մլն դրամ է տնտեսվելու

Մի շարք պետհիմնարկներ են լուծարվել.  Ավելի քան  270 մլն դրամ է տնտեսվելու

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի գործունեության նպատակահարմարության հարցով մի շարք որոշումներ է ընդունել:

Այսպիսով, դադարեցվելու է հետևյալ պետական հիմնարկների գործունեությունը. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 65.5 մլն դրամ), ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 66.5 մլն դրամ), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 61 մլն դրամ):

Գործադիրի որոշմամբ կլուծարվի նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը՝ հիմնանորոգման աշխատանքների պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետի ավարտմամբ պայմանավորված:

Մեկ այլ որոշմամբ էլ միավորման ձևով կվերակազմակերպվեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Սևան-Հրազդան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները: Արդյունքում՝ զգալիորեն կկրճատվեն ծախսերը, կբարձրանա կառավարման արդյունավետությունը, կտնտեսվի մոտ 80 մլն դրամ:

Սեպտեմբերի 29-ին Կառավարության նիստի մեկնարկին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակարգին անցնելը, մի շարք նախարարությունների սահմանված ժամկետներում իրականացնելու համար նախատեսված հանձնարարականներ է տվել:

Վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերել է բոլոր գերատեսչություններին. «Գործադիրի բոլոր մարմիններին հանձնարարում եմ վերանայել կառավարության իրենց ոլորտներում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որոնք ունեն հաստատուն ծախսեր, բայց հասկանալի չէ, թե իրենց օգուտը որն է: Ելնելով դրանից, շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը»:

Կարապետյանն անդրադարձել է նաև ԾԻԳ-երին (ծրագրի իրականացման գրասենյակ) և հանձնարարականներ տվել սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի և քաղաքաշինության նախարարներին մեկ շաբաթվա ընթացքում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը և ներկայացնել առաջարկություններ. «Մենք պետք է ունենանք մի հարթակ, որտեղ պետք է իրականացնենք մեր գնումները»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---