Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հնարավոր է համարում ԵՄ պատժամիջոցները Թուրքիայի դեմ

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հնարավոր է համարում ԵՄ պատժամիջոցները Թուրքիայի դեմ

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը հնարավոր է համարել Եվրամիության կողմից տնտեսական պատժամիջոցների սահմանումը Թուրքիայի դեմ ընդդիմության և լրագրողների հարցում նախագահ էրդողանի քաղաքականության պատճառով:

Ինչպես հիշեցրել է նախարարը, Թուրքիայի արտահանման 50 տոկոսը գնում է ԵՄ երկրներ, Թուրքիայում արվող ներդրումների 60 տոկոսը ստացվում է Եվրոպայից: «Դա ճնշման անսահմանափակ միջոց է, և որոշակի պահի մենք չենք հրաժարվի դրա կիրառումից»,-ասել է Ասելբորնը Deutschlandfunk գերմանական ռադիոկայանին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ասելբորնը խստիվ դատապարտել է վերջին զարգացումները Թուրքիայում: Ըստ նախարարի, էրդողանը անտեսել է իրավունքի գերակայությունը, ինչն անհարիր է ԵԽ և ՆԱՏՕ-ի անդամ երկրին, որը նաև մտադիր է անդամակցել ԵՄ-ին: «Դա բռնապետության կիրառման ձեռնարկ է»,-ասել է նա:

Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Նրանք ձերբակալվել են այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացել դատարան ցուցմունքներ տալու համար:

«Ինձ թվում է, որ եթե մարդն այսօր Թուրքիայում պաշտպանում է մարդու իրավունքները, նրան կասկածում են կամ ահաբեկչության, կամ Գյուլենի հետնորդ լինելու մեջ»,-ասել է Ասելբորնը:

Նախարարն ամենասարսափելին այն է համարել, որ Թուրքիայում յուրօրինակ «քաղաքացիական մահ» է կիրառվում` համապատասխան մարդիկ զրկվում են աշխատանք ստանալու շանսից, չեն կարողանում փող աշխատել ընտանիքները պահելու համար, զրկվում են բնակտարածքից: «Այդպիսի միջոցներ են կիրառվել նացիստների ժամանակ»,-ասել է Ասելբորնը:

Քրդամետ պատգամավորների ձերբակալությունը խստիվ քննադատության է արժանացել ԵՄ երկրների կողմից, որոնք իրենց խորին մտահոգությունն են հայտնել: Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ Անկարայի գործողությունները հարցականի տակ են դնում ԵՄ հետ հարաբերությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---