Սահակաշվիլին հրաժարական է տվել Օդեսայի նահանգապետի պաշտոնից

Սահակաշվիլին հրաժարական է տվել Օդեսայի նահանգապետի պաշտոնից

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարական է տվել Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնից: «Ես որոշել եմ հրաժարական տալ և պայքարի նոր փուլ սկսել»,-ասել է նա ճեպազրույցում: «Ես հոգնել եմ, ինձ այսքան դեռ ոչ ոք չէր խաբել, առավել ևս այսքան ցինիկաբար»,-ասել է նա` հասկացնելով, որ մտադիր չէ հեռանալ երկրի քաղաքական դաշտից:

Հրաժարականը նա հիմնականում պատճառաբանել է նախանշված նպատակներին հասնելու անհնարինությամբ Ուկրաինայում տիրող տոտալ կոռուպցիայի պատճառով:

«Օդեսան միայն այն ժամանակ կսկսի զարգանալ, երբ մենք ձերբազատվենք կոռուպցիայից»,-ասել է նա: Ընդ որում, ըստ նրա «կոռուպցիայի հենասյուներն են» Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը և պետական ֆիսկալ ծառայության պետ Ռոման Նասիրովը:

Ավելի վաղ պաշտոնանկության մասին էր հայտարարել Սահակաշվիլիի թիմի անդամ` Օդեսայի շրջանի ոստիկանության պետ Գեորգի Լորդկիպանիձեն:

Սահակաշվիլին Վրաստանի նախագահ էր 2004թ. հունվարից մինչև 2007թ. և 2008-ի հունվարից մինչև 2013-ի նոյեմբեր: Նա հեռացավ երկրից իր լիազորությունների սպառվելուց մի քանի օր առաջ և բնակվում էր ԱՄՆ-ում, հետո` Ուկրաինայում: 2015-ի մայիսին Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն ստացավ և նշանակվեց Օդեսայի շրջանի նահանգապետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---