Լիբիացի գործարար. Սարկոզիին մի քանի ճամպրուկ կանխիկ փող է փոխանցվել Քադդաֆիից

Լիբիացի գործարար. Սարկոզիին մի քանի ճամպրուկ կանխիկ փող է փոխանցվել Քադդաֆիից

PanARMENIAN.Net - Լիբիացի գործարար Զիադ Թաքեդդինը պնդում է, որ անձամբ է մասնակցել մի քանի ճամպրուկ կանխիկ գումարի փոխանցմանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին Լիբիայի առաջնորդից, հայտնում է լրագրողական հետաքննությունների Mediapart կայքը:

Ըստ գործարարի, 2006-ի ավարտին և 2007-ի սկզբին նա Սարկոզիին, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը, և Կլոդ Գեանին, որը ՆԳՆ աշխատակազմի ղեկավարն էր և Սարկոզիի մերձավոր բարեկամն ու թիմակիցը, ընդհանուր առմամբ 5 մլն եվրո է փոխանցել Լիբիայի Ջամահիրիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիից: Գումարը նախատեսված էր Սարկոզիի նախագահական ընտրարշավի համար, հայտնում է Lenta.ru-ն:

Կլոդ Գեանի փաստաբանը հայտարարել է, որ Գեանը միշտ ազնվագույն անձ է եղել և երբեք չի էլ լսել նման փողերի մասին: Սարկոզիի շրջապատում դեռ չեն արձագանքել մեղադրանքին:

Քադդաֆիի կողմից Սարկոզիի հնարավոր ֆինանսական աջակցության մասին սկանդալը բռնկվեց 2012-ի գարնանը, երբ Mediapart-ը փաստաթղթեր հրապարակեց, որտեղ ասվում էր, որ Լիբիայի ռեժիմն իբր 50 մլն եվրո է փոխանցել Սարկոզիի նախընտրական արշավի համար: Սարկոզին այդ պնդումներն անվանեց «մի մեծ կեղծիք»:

2014-ի հունվարին France 3 TV հրապարակեց 2011թ. մարտի 16-ի Քադդաֆիի հարցազրույցի ձայնագրությունը, որտեղ Լիբիայի առաջնորդը պնդում է, որ Սարկոզին դիմել է իրեն ֆինանսական աջակցության համար, երբ ՆԳ նախարար էր: Գումարը չէր նշվում:

Գեանը 2007-ին Սարկոզիի նախընտրական արշավի պատասխանատուն է եղել: 2015-ի մարտի 8-ին նրան մեղադրանք է ներկայացվել ապօրինի ֆինանսավորման համար:

Սարկոզին Ֆրանսիայի նախագահն է եղել 2007-ի մայիսի 16-ից մինչև 2012թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---