«Սեքյուրիթի դրիմ»-ը և ոստիկանությունը նոր համաձայնագիր կկնքեն

«Սեքյուրիթի դրիմ»-ը և ոստիկանությունը նոր համաձայնագիր կկնքեն

PanARMENIAN.Net - «Սեքյուրիթի դրիմ»-ը և ոստիկանությունը նոր համաձայնագիր կկնքեն: Այս մասին հայտնի է դարձել նոյեմբերի 15-ին ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ, աշխատանքային հանձնաժողովի նախագահ Սամվել Հովհաննիսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոյեմբերի 2-ին ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում ոստիկանությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Սամվել Հովհաննիսյանն անդրադարձել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ բանակցությունների միջոցով համապատասխան միջոցների մշակման գործընթացին, որի արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրա գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, անցնելու են պետական կառույցներին:

Ոստիկանության պետի տեղակալը նշել է, որ ոստիկանությունը և ընկերությունը համաձայնել են նոր համաձայնագիր կնքելու միջոցով լուծել դեռևս 2011 թվականին կնքված՝ պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համաձայնագրի ձեռքբերման, դրանց սպասարկման պայմանագիրը՝ սահմանելով դրա համար անհրաժեշտ գործողությունների սպառիչ ցանկ, և այդ ամբողջ փաթեթը 2016 թվականի նոյեմբերի 11-ին պաշտոնական գրությամբ ուղարկվել է ՀՀ կառավարություն՝ կառավարության կողմից ուսումնասիրելու և խնդրին վերջնական լուծում տալու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետին առաջարկել էր «Սեքյուրիթի դրիմ», «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Ոստիկանության պետի տեղակալը նշել է, որ ըստ ժամանակացույցի իրականացվում են Հանրապետության նախագահի հանձնարարականի նաև մյուս կետերը: Մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանությունում գործում է մասնագիտական հանձնաժողով, որն իրականացնում է ՃՈ համակարգի բարեփոխումների հայեցակարգի վերջնական մշակման աշխատանքները, միջոցառումներ են իրականացվում վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ, արդեն իսկ Արդարադատության նախարարություն է ուղարկվել տարբերակների փաթեթ՝ առաջարկելով քննարկել էլեկտրոնային փոստի, բջջային հեռախոսի անվճար հավելվածի և «Հայփոստի» բաժանմունքների միջոցով քաղաքացիներին ծանուցելու տարբերակներ:

Կարդացեք նաև՝ «Փարքինգ Սիթի Սերվիսի» և «Լոկատորի» հետ բանակցությունների արդյունքները ներկայացվել են Կառավարությանը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---