Ստոլտենբերգ. ՌԴ-ին մեկուսացնել հնարավոր չէ` հարաբերություններ են պետք

Ստոլտենբերգ. ՌԴ-ին մեկուսացնել հնարավոր չէ` հարաբերություններ են պետք

PanARMENIAN.Net - Ռուսաստանին մեկուսացնելու հնարավորություն չկա, հարկավոր է նրա հետ հարաբերություններ կառուցել: Այդ մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ելույթ ունենալով Բրյուսելում Մարշալի գերմանական հիմնադրամում:

«Մենք չենք կարող մեկուսացնել Ռուսաստանին, ուստի հարկավոր է նրա հետ հարաբերություններ կառուցել: Իմ հանդիպումները Լավրովի հետ հաստատում են, որ Ռուսաստանը բաց է համագործակցության համար»,-ասել է նա: «Ռուսաստանը մեր ամենամեծ հարևանն է և ոչ մի տեղ չի անհետանալու: Մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչպես կարելի է խուսափել զինված միջադեպերից, և ինչպես անել այնպես, որ միջադեպի դեպքում իրավիճակը դուրս չգա հսկողությունից: Դա հատկապես կարևոր է լարվածության պարագայում»:

Նա նշել է նաև, որ ՆԱՏՕ-ն քննարկում է ՌԴ հետ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի բարեփոխման հնարավորությունը, որը վերաբերում է Եվրոպայում ռազմական գործունեությանն ու զորավարժությունների հսկողությանը:

«Ռուսաստանն օգտվում է սողանցքերից փաստաթղթում, չհայտարարված զորավարժություններ է անցկացնում` խուսափելով միջազգային հսկողությունից: Ուստի Վիեննայի փաստաթուղթն արդիականացման կարիք ունի»,-ասել է Ստոլտենբերգը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ստոլտենբերգը Ռուսաստանին նաև սպառնալիք է համարում ՆԱՏՕ-ի անվտանգությանը, նշելով, թե «Ռուսաստանն այսօր ոչ միայն արևելքում է, այլ նաև հարավում` Սիրիայում»:

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն կբարձրացնի իր հարյուր հազարավոր զինվորականների մարտունակությունը ՌԴ հետ հարաբերություններում աճող լարվածության պատճառով:

Հուլիսին ՆԱՏՕ-ն հավանություն տվեց իր արագ արձագանքման ուժերի տեղակայմանը Լեհաստանում և Բալթիայի երկրներում` 4 գումարտակ 1000-ական զինծառայողով: Հոկտեմբերի վերջում Ստոլտենբերգը զեկուցեց, որ դաշինքը 8 նոր կենտրոնակայան է բացել Արևելյան Եվրոպայում, իսկ անդամ երկրների ռազմական ծախսերը վերջին տարիներին առաջին անգամ աճել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---