18 հունիսի 2007 - 19:10 AMT
Բաքվում իր աշխատանքն է սկսել ՎՈՒԱՄ գագաթնաժողովը
Հունիսի 18-ին Բաքվում իր աշխատանքն է սկսել ՎՈՒԱՄ-ի` Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, ինչպես նաեւ նիստեր` կազմակերպության համապատասխան կառույցների ներկայացուցիչների առանձին խմբերում, որտեղ քննարկվել են տարբեր հարցեր, կապված ՎՈՒԱՄ--ի հետ: Տեղի է ունեցել ՎՈՒԱՄ-ի խաղաղապահ գումարտակի ստեղծման հարցի նախնական քննարկում: Ինչպես ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, այդ հարցը կմշակվի նաեւ փորձագետների մակարդակով: Տվյալ հարցերը կքննարկվեն ՎՈՒԱՄ-ի նախագահների հանդիպմանը:

Նախատեսվում է, որ կողմերը կստորագրեն երկու համաձայնագիր եւ համատեղ հայտարարություն` Բաքվի հռչակագիրը, որը կդառնա գագաթնաժողովի հիմնական քաղաքական փաստաթուղթը: Այդ փաստաթղթում կարտացոլվի առաջին գագաթնաժողովից հետո ՎՈՒԱՄ-ի շրջանակներում կատարված աշխատանքը եւ առաջիկա գագաթնաժողովի գործողությունների ծրագիրը, որը տեղի կունենա 2008 թվականին Թբիլիսիում: Ակնկալվում է, որ փաստաթղթում անդրադարձ կլինի նաեւ ՎՈՒԱՄ-ի խաղաղապահ գումարտակի ստեղծմանը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:

ՎՈՒԱՄ-ը` (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա) ստեղծվել է 1997 թվականին: 2006 Ուկրաինայում կայացած առաջին գագաթնաժողովում դաշինքը ստացավ միջազգային կազմակերպության կարգավիճակ: