Պաշտոնական. «Վեոլիա Ջուրը»՝ ՀՀ-ում խմելու ջրի և ջրահեռացման համակարգի միասնական օպերատոր

Պաշտոնական. «Վեոլիա Ջուրը»՝ ՀՀ-ում խմելու ջրի և ջրահեռացման համակարգի միասնական օպերատոր

PanARMENIAN.Net - «Վեոլիա Ջուր» ընկերությունը պաշտոնապես դարձել է Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը առաջիկա 15 տարվա համար:Նոյեմբերի 21-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ստորագրվել է Հայաստանի խմելու ջրի համակարգի վարձակալության պայմանագիրը։ Ընկերությունն իր վարձակալական պարտավորությունների կատարմանը կանցնի 2017 թվականի հունվարի 1-ից:

Նախարարությունից հայտնում են, որ փաստաթուղթը ստորագրել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, «Վեոլիա» ընկերության Արևելյան Եվրոպայի գծով փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին և «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեն։

Պայմանագրի ստորագրմանը ներկա են եղել նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

Պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու համար մրցույթը հայտարարվել էր 2016-ի մարտին։ Մրցույթի հայտերի ընդունման համար սահմանված ժամկետում պատշաճ մրցութային փաթեթներ էին ներկայացրել նախաորակավորման փուլ անցած չորս՝ «Էյ-ի-Ջի Սերվիս» ՍՊԸ, «Դեկոն Ինտերնացիոնալ», «ՎԵՈԼԻԱ Օ – ԿՈՄՊԱՆԻԱ ԺԵՆԵՐԱԼ ԴԵԶ Օ ԿԲԸ» ընկերությունները և «ՋիԷմբի Էյչ», «ԿՈՆՍՈՒԼԱԿՎԱ Համբուրգ Եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ», «ԵՎՐԱՎԱՍԵՐ» կոնսորցիումը:

Հաղթող էր ճանաչվել «ՎԵՈԼԻԱ Օ – ԿՈՄՊԱՆԻԱ ԺԵՆԵՐԱԼ ԴԵԶ Օ ԿԲԸ» ընկերության ներկայացրած հայտը: Ըստ այդմ, հաջորդ տարվա հունվարի 1-ից խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկման ծառայությունները կիրականացնի մեկ միասնական վարձակալ` ի դեմս Ֆրանսիական «Վեոլիա» ընկերության կողմից ստեղծված «Վեոլիա Ջուր» ընկերության:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---