Սևանում ձկան և խեցգետնի որսը ժամանակավորապես կդադարեցվի

Սևանում ձկան և խեցգետնի որսը ժամանակավորապես կդադարեցվի

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 323-Ա հրամանը, որով ժամանակավորապես դադարեցվում է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:

Հրամանում մասնավորապես ասվում է.

«Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2017 թվականի հունվարի 5-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին`

- մինչև նոյեմբերի 23-ն ապահովել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների, ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը,

- շրջիկ հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում,

- կազմակերպել ստուգայցեր Սևանա լճի վրա` համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին.

- ապահովել մասնակցությունը սույն հրամանի 2-րդ կետում նախատեսված աշխատանքներին,

- կազմակերպել ստուգայցեր Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---