Իմունականխարգելման ծրագրերի ղեկավար. Կապույտ հազի հարուցիչն այժմ ակտիվ է

Իմունականխարգելման ծրագրերի ղեկավար. Կապույտ հազի հարուցիչն այժմ ակտիվ է

PanARMENIAN.Net - Կապույտ հազի հարուցիչն այժմ ակտիվ է: Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Այսօր բավականին ակտիվ է կապույտ հազի հարուցիչը։ Եթե երեխան մինչև 4,5 ամսական հասակը 3 դեղաչափը չստանա, դա կարող է լինել ճակատագրական, որովհետև հատկապես այդ տարիքում կապույտ հազն առաջացնում է բավական լուրջ բարդություններ։ Երբ երեխան ծնվում է, նա մորից արդեն ստանում է որոշակի պաշտպանական մեխանիզմներ` հակամարմիններ։ Բայց ժամանակի ընթացքում դրանց մակարդակն աստիճանաբար նվազում է, գալիս է մի պահ, երբ երեխան մնում է անպաշտպան։ Պատվաստումների ժամանակահատվածը հենց դրա համար է»,- նշել է մասնագետը, մեջբերում է Yerkir.am-ը։

Նրա խոսքով՝ մեծահասակների շրջանում կատարվում են պատվաստումներ դիֆտերիայի, փայտացման դեմ։ Յուրաքանչյուր 10 տարին մեկ քաղաքացին պետք է ստանա այդ պատվաստումները։

Կան նաև համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ, որոնք օրացուցային սխեմայի մեջ ներառված չեն, բայց, ելնելով համաճարակային իրավիճակից, կոնկրետ որևէ հիվանդության դեմ կատարվում են պատվաստումներ։

Մասնագետն անդրադարձել է նաև պատվաստանյութերի որակի վերաբերյալ կասկածներին, նշելով, որ ամբողջ աշխարհում նկատվում է պատվաստումներից հրաժարվելու միտում, ինչին բավականին նպաստում է համացանցը։

«Այսօր ծնողը, որպես տեղեկատվական օբյեկտ, առաջին հերթին օգտվում է համացանցից, նախկինում վստահում էին մանկաբույժին։ Համացանցից օգտվելուց պետք է իմանալ, որ աղբյուրն է ճիշտ տեղեկություն տալիս։ Հայաստանում մտահոգվելու կարիք չկա։ Մեզ մոտ բավականին բարձր են պատվաստումներում ընդգրկման ցուցանիշները։ Սակայն հրաժարվելու դեպքեր ևս կան»,- ասաց նա և հավելեց, որ պատվաստանյութերի որակի հետ կապված խնդիր չպիտի լինի, որովհետև Հայաստանը դրանք գնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով, դրանք միայն եվրոպական արտադրության են և ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորման հավաստագրերը։ «Պատվաստումներից հետո բարդություններ կարող են լինել, կարող է առաջանալ ջերմային ռեակցիա, բայց դա բնական է, սպասվող է»,- ասել է Սահակյանը։

Կան բազմաթիվ տարիքային խմբեր` սկսած նորածիններից մինչև զորակոչիկներ, որոնք օգտվում են պատվաստումների ազգային ծրագրից, ընդ որում` եթե նախկինում զորակոչիկները պատվաստումները ստանում էին կենտրոնական հավաքակայանում, ապա հիմա` պոլիկլինիկաներում և արդեն պաշտպանված մեկնում բանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---