Մահացել է նկարիչ-գրաֆիկ Արա Բաղդասարյանը

Մահացել է նկարիչ-գրաֆիկ Արա Բաղդասարյանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին սրտի կաթվածից մահացել է նկարիչ-գրաֆիկ, պրոֆեսոր Արա Բաղդասարյանը: Նա Հայաստանի նկարիչների միության անդամ էր, Երևանի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի վարիչ, «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական խմբագիր:

Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ին «Սան-Լազարո» սգո սրահում (hասցե՝ ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Լուկաշինի 152), իսկ վերջին հուղարկավորությունը նոյեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին՝ նույն վայրից:

Արա Անդրանիկի Բաղդասարյանը ծնվել է 1940 թ. հունվարի 25-ին:1957-1961 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1961-1964 թթ. ծառայել է խորհրդային բանակում` Կուբայում։ 1964-1966 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտի գրքարվեստի բաժնում, որն ավարտել է 1970 թ. նկարիչ – գրաֆիկի մասնագիտությամբ։

Աշխատել է Վորկուտայում, որտեղ և սկսել է ստեղծագործական գործունեությունը՝ մասնակցելով մի շարք հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ 1975 թ. տեղափոխվել է Տաշքենդ, որտեղ աշխատել է «Երեկոյան Տաշքենդ» թերթի խմբագրությունում և Գաֆ. Գուլյամի անվան գրականության և արվեստի հրատարակչությունում որպես նկարիչ և գեղարվեստական խմբագիր։ Մինչև 1978 թ. ձևավորել և նկարազարդել է շուրջ 50 անուն գիրք, ամսագրեր և այլ հրատարակումներ։ Ուզբեկական դասական պոեզիայի 5-հատորյակի ձևավորման և նկարազարդման համար գրքարվեստի հանրապետական մրցույթում 1981 թ. արժանացել է առաջին կարգի դիպլոմի, իսկ «Արևելյան մանրանկարչություն» ալբոմի ձևավորումը Մոսկվայի գրքարվեստի համամիութենական մրցույթում արժանացել է հատուկ դիպլոմի, այնուհետև Ալմա Աթայում՝ առաջին կարգի դիպլոմի։

1978 թ. վերադարձել է Երևան։ Համագործակցել է Երևանի գրեթե բոլոր հրատարակչությունների հետ. հատկապես «Սովետական գրող», «Հանրագիտարան», «Լույս»։ 1998-ից աշխատել է «Զանգակ» հրատարակչությունում որպես նկարիչ և գեղարվեստական խմբագիր։ 1987-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 2005-ից ղեկավարում է ակադեմիայի գրաֆիկայի և գծանկարի ամբիոնը։

1986 և 2010-ին տեղի են ունեցել Արա Բաղդասարյանի անհատական ցուցահանդեսները Երևանում։ Ընդհանուր առմամբ ձևավորել և նկարազարդել է ավելի քան 1000 անուն գիրք, որոնց մեծ մասը հրատարակված է տարբեր հրատարակչություններում։

2015թ-ին նախագահի կողմից արժանացել է Մովսես Խորենացի մեդալի:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---