ՏՄՊՊՀ. «Մարիաննա» կաթնամթերքը ՌԴ շուկայում խոչընդոտների է հանդիպել

ՏՄՊՊՀ. «Մարիաննա» կաթնամթերքը ՌԴ շուկայում խոչընդոտների է հանդիպել

PanARMENIAN.Net - Ռուսական «Դեբոր» և «Նոգինսկի պիշչեվոյ կոմբինատ» ընկերությունները խոչընդոտում են «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից «Մարիաննա» ապրանքային նշանով կաթնամթերքների մուտքը ռուսաստանյան շուկա:

Ընկերությունը դիմել է ՏՄՊՊՀ՝ հայտնելով, որ նախորդ տարի մասնակցել է Մոսկվայում կայացած WorldFood Moscow միջազգային ցուցահանդեսին, որտեղ առևտրային կազմակերպությունների հետ ունեցել է արդյունավետ հանդիպումներ և բանակցություններ` իր արտադրանքը ռուսական շուկաներում իրացնելու նպատակով: Սակայն շուտով ռուսական «Դեբոր» և «Նոգինսկի պիշչեվոյ կոմբինատ» ընկերությունները դիմել են «Դուստր Մարիաննային»՝ նշելով, որ իրենք հանդիսանում են «Մարիաննա» և «Մարիաննե» ապրանքային նշանների իրավատերերը և հայկական ընկերությունը չի կարող այդ անվանումով արտադրանք ներկայացնել ռուսական շուկայում: Ընկերության ներկայացուցիչները պահանջել են նաև 10-օրյա ժամկետում հանել առկա ապրանքը ՌԴ խանութներից և ոչնչացնել այն, հակառակ դեպքում կդիմեն վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մեթոդների:

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն դեռևս 1997-ից զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ և մշտապես հանդես է եկել այդ ապրանքանիշով, որը նաև 2007-ին գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել են, որ «Դեբոր» և «Նոգինսկի պիշչեվոյ կոմբինատ» ընկերությունները կաթնամթերքի արտադրությամբ և իրացմամբ չեն զբաղվում և երբևէ չեն զբաղվել: Բացի այդ, «Մրցակցության պաշտպանության մասին» ՌԴ օրենքով արգելվում է որևէ ապրանքային նշանի գրանցումը, եթե այն ուղղված է մրցակից ընկերություններին շուկայից դուրս մղելուն: Տվյալ պարագայում տնտեսվարողը գրանցել է մի ապրանքային նշան, որը օգտագործել է ոչ թե իր արտադրանքը իրացնելու, այլ մրցակից տնտեսվարողների մուտքը շուկա սահմանափակելու նպատակով, ինչն օրենքի խախտում է՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Ըստ ՏՄՊՊՀ-ի, ռուսական «Դեբոր» և «Նոգինսկի պիշչեվոյ կոմբինատ» ընկերությունների գործողություներն ուղղված են «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքի իրացումը ՌԴ-ում կանխելուն, հետևապես նաև մրցակցության սահմանափակմանը: Այդ իսկ նպատակով ՀՀ ՏՄՊՊՀ-ը դիմել է ՌԴ գործընկերներին՝ ներկայացված խնդիրը Ռուսաստանի մրցակցային օրենսդրության խախտման տեսանկյունից ուսումնասիրելու և հայկական արտադրանքի անարգել մուտքը ռուսական շուկա ապահովելու նպատակով:

«ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում տնտեսվարողները պետք է ունենան մրցակցային նույն հնարավորությունները և գործունեության հավասար պայմանները: Մենք օրենսդրության շրջանակներում պաշտպանելու ենք հայկական բարեխիղճ արտադրողների շահերը արտերկրում, որպեսզի վերջինները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը»,-իր խոսքում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝շեշտելով, որ նման խնդիրները ՀՀ մրցակցային մարմնի ուշադրության կենտրոնում են և երկկողմանիորեն՝ թե արտերկրի տնտեսվարողների համար Հայաստանում և թե տեղի գործարարների համար դրսում, պետք է գործի բացառապես արդար և հավասար մրցակցային պայմաններով աշխատելու հնարավորությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---