27 հունիսի 2007 - 15:01 AMT
Վ. Օսկանյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի հայ համայնքի եւ Հայաստանի հարաբերությունների ակտիվացման առթիվ
Հունիսի 24-ին Կոստանդնուպոլսի Հայ պատրիարքարանը հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի պատվին: Ընդունելությանը ներկա էին Ստամբուլի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ արտգործնախարի օգնական Սալբի Ղազարյանը, ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը, Շիշլիի փոխքաղաքապետ Վազգեն Պարինը:

Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել Թուրքիայի հայ համայնքի եւ Հայաստանի հարաբերությունների ակտիվացման առթիվ: Նա նշել է, որ այժմ Ստամբուլի հայերից շատերը այցելում են Հայաստան եւ ամրապնդում են կապերը Հայրենիքի հետ: «Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի գլխավորությամբ Ստամբուլում գործում է լավ կազմակերպված եւ աշխատասեր հայ համայնք, որը գոյություն ունի շնորհիվ իր ունեցած ազգային հաստատությունների: Հայկական Սփյուռքի կյանքը հեշտ չէ, դժվար է Հայրենիքից հեռու ապրելը, սակայն Ստամբուլի հայերը հատուկ պայմաններում են ապրում եւ պահպանում են իրենց ավանդույթները»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Վարդան Օսկանյանը նաեւ ընդգծել է, որ Հրանտ Դինքի սպանությունը ցավ է պատճառել բոլորին եւ բնականաբար առաջին հերթին Ստամբուլի հայությանը: «Եթե նա ողջ լիներ, այժմ մեզ հետ կլիներ»,- ասել է նա, գրում է Ստամբուլի Marmara թերթը: