30 հունիսի 2007 - 15:27 AMT
Ռուս վերլուծաբան. «Պե՞տք է արդյոք Ղարաբաղը Ադրբեջանին: Միանշանակ` ոչ»
«Պե՞տք է արդյոք Ղարաբաղը Ադրբեջանին: Միանշանակ` ոչ»,-գտնում է Ահաբեկչական սպառնալիքների եւ ցածր ինտենսիվության հակամարտությունների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռամիլ Լատիպովը: Նրա կարծիքով, ինչպես ասվում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին տված նրա հարցազրույցում, ադրբեջանական ժողովրդին երբեք պետք չի եղել եւ այժմ էլ պետք չէ Լեռնային Ղարաբաղի տարածքը, ավելին, դրա համար չկան նաեւ պատմական նախադրյալներ: «Մոլորությամբ կամ որեւէ այլ պատճառով, Ադրբեջանի կառավարությունը անհանդուրժող դիրքորոշում է որդեգրել` պատերազմ մինչեւ հաղթանակ, հաղթանակ, որն անհնար է: Այդ դիրքորոշումը արհեստական գործընթացի սինթեզված կատալիզատոր է: Ապակայունացման, տնտեսության թուլացման, բնակչության կենսամակարդակի անկման, վախի եւ անվստահության մթնոլորտի, հիստերիայի, Ադրբեջանում, Ղարաբաղում, Հայաստանում բողոքի ներքին գործընթացների աճի»,-գտնում է փորձագետը: Նրա խոսքերով, տարածաշրջանի անկայունությունը, տնտեսության փլուզումը, անկումը ժողովրդի կյանքի եւ գործունեության բոլոր ոլորտներում շահավետ է նրան, ով հեռուն գնացող ծրագրեր ունի` վերահսկել մոլորակի էներգետիկ ռեսուրսների պաշարը: «Ժամանակն է կանգ առնել եւ ինքնուրույն լուծել այդ խնդիրը, ղեկավարվելով պատմական արդարությամբ, սթափ մտքով, իսկ ամենակարեւորը` սեփական երկրների հասարակ քաղաքացիների շահերով, որոնց ուսերի վրա է ծանրացել այդ աբսուրդի թատրոնը, թատրոն, որի գլխավոր ռեժիսորն ու բեմադրիչը միստեր X-ն է»,-նշում է Ռամիլ Լատիպովը: