ՀՀ-ում կարող է խաղողի այգիների կադաստր ստեղծվել

ՀՀ-ում կարող է խաղողի այգիների կադաստր ստեղծվել

PanARMENIAN.Net - Խաղողի այգիների կադաստրի ստեղծման խնդիրը քննարկվել է Երևանում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ու Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հանդիպմանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ԱԶԲ-ի կողմից իրականացվող գինեգործության և խաղողագործության ոլորտի վերլուծության նախնական արդյունքները:

Վերլուծությունն ուղղված է բացահայտելու հիմնախնդիրները, ուսումնասիրելու դրանց լուծումներ տալու ինստիտուցիոնալ ձևաչափերը, ինչպես նաև պարզելու հայկական արտադրանքի արտահանմանն օժանդակելու հնարավոր գործիքները:

Հանդիպման ընթացքում նախարարի կողմից բարձրացվել են մի շարք առանցքային հարցեր` մասնավորապես խաղողի այգիների կադաստրի ստեղծման խնդիրը: Անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից խաղողագործական արտադրանքի համար նվազագույն գների սահմանման, խաղողագործության ոլորտում ֆիլոքսերիայի դեմ պայքարի միջոցառումների, ֆիլոքսերակայուն սորտերի մշակման, աշխարհագրական անվանումների համակարգի ներդրման հարցերին:

Կողմերը կարևորել են հայկական գինեգործական արտադրանքի բրենդավորման և արտահանմանը միտված քաղաքականության արդյունավետ կազմակերպման հարցերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից գինեգործության ոլորտում ներգրավված կազմակերպությունների հետ համատեղ գործողությունների ծրագիր մշակելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել է հետագայում ԱԶԲ-ի կողմից այդ աշխատանքների ֆինանսավորման հնարավորությունը:

Իգնատի Առաքելյանը և Շեյն Ռոզենտալը համակարծիք էին, որ խաղողագործության ոլորտում խնդիրների հաղթահարման և ճյուղի կայուն զարգացման համար անհրաժեշտ է ապահովել պետության և մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---