ՄԱԿ-ն ավարտել է Սիրիայում հումանիտար շարասյան վրա հարձակման հետաքննությունը

ՄԱԿ-ն ավարտել է Սիրիայում հումանիտար շարասյան վրա հարձակման հետաքննությունը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի կոմիտեն ավարտել է Սիրիայում 2016-ի սեպտեմբերին տեղի ունեցած հումանիտար շարասյան վրա հարձակման հետաքննությունը: Հետաքննության արդյունքների վերաբերյալ գաղտնի զեկույցը փոխանցվել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, հայտնում է ՏԱՍՍ-ը ՄԱԿ մամուլի ծառայության վրա հղումով:

«Գլխավոր քարտուղարը շատ մանրակրկիտ կուսումնասիրի զեկույցն առաջիկա օրերին: Մենք պարտավոր ենք պարզել, թե ինչ է կատարվել հանուն այդ միջադեպի զոհերի և նրանց քաջ գործընկերների, որոնք ամեն օր վտանգում են իրենց կյանքը` օգնելու համար կարիքավորներին: Միայն այդպես կարելի է դասեր քաղել այդ պատահարից և թույլ չտալ, որ այն կրկնվի»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի լույս 20-ի գիշերը Հալեպի արվարձանում գնդակոծության տակ է ընկել հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունը, որը մեկնում էր դեպի ապստամբների կողմից վերահսկվող շրջաններ: Շարասյունը պատկանում էր ՄԱԿ-ին և Կարմիր մահիկի սիրիական բաժանմունքին: Ըստ սիրիական հակակառավարական ակտիվիստների և Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի, հարվածը հասցրել են սիրիական կամ ռուսական ինքնաթիռները:

Ըստ չհաստատված տվյալների, ավիահարվածից զոհվել է 12 մարդ: Ըստ ՄԱԿ ներկայացուցչի, 31 բեռնատարից առնվազն 18-ը վնասվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---