Գյուլենը դատապարտել է Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը

Գյուլենը դատապարտել է Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը

PanARMENIAN.Net - Իսլամիստ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը, որն ըստ թուրքական ԶԼՄ-ների, կարող է կապ ունենալ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետ, դատապարտել է այդ հանցագործությունը և ցավակցություն հայտնել ՌԴ ժողովրդին: Այդ մասին ասվում է Գյուլենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեկտեմբերի 19-ի ուշ երեկոյան նյույորքյան Alliance for Shared Values կազմակերպության կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես շոկի մեջ էի և խորապես վշտացած, երբ իմացա ՌԴ դեսպանի ողբերգական սպանության մասին: Ես խստորեն դատապարտում եմ այդ հրեշավոր ահաբեկչությունը»,-ասվում է փաստաթղթում:

Գյուլենը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին մանրակրկիտ կերպով հետաքննել կատարվածը, «պարզել այն անձանց ինքնությունը, ով օգնել է դա իրագործել, և միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդպիսի հարձակումներն ապագայում այլևս չկրկնվեն»:

Նա նշել է, որ, ըստ փորձագետների, «Թուրքիայում վատթարացել է անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի վիճակը, քանի որ երկրի կառավարությունը հարյուրավոր ոստիկանների գործուղել է այլ աշխատանքի»:

«Դեսպանի սպանությունը, որը մի ամբողջ երկիր է ներկայացնում, էլ ավելի է սրում հակամարտությունը Սիրիայում, որն արդեն հազարավոր կյանքեր է խլել այդ երկրում, կրակին յուղ է լցնում»,-ասել է ընդդիմադիր գործիչը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները կարծիք էին հայտնել, որ Կարլովի վրա կրակած 22-ամյա Մևլութ Մերթ Ալթինթաշը կարող է առնչություն ունենալ Գյուլենի կազմակերպության հետ, որին Անկարան պատասխանատու է համարում երկրում հուլիսին պետական հեղաշրջման անհաջող փորձի համար: Գյուլենն արդեն 15 տարի է ապրում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---