Արարատյան բակալավրիատը ներդրվում է ՀՀ մարզային դպրոցներում

Արարատյան բակալավրիատը ներդրվում է ՀՀ մարզային դպրոցներում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին մեկնարկել է «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված առաջին կրթական ծրագրին ՀՀ մարզային դպրոցների անդամակցության գործընթացը։

Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը տեղեկացրել է, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել ծրագիրը և ինչու է հիմա ներդրվում մարզային դպրոցներում։

«Երկու տարի առաջ ազդարարվեց մեկնարկը Կրթության գերազանցության ազգային ծրագրի, որի նպատակն է լավագույն կրթական բովանդակությունը և տեխնոլոգիաները հասանելի դարձնել ՀՀ բոլոր երեխաներին։ Եվ այսօր ազդարարում ենք այդ ծրագրի իրականացման գործիքը հանդիսացող «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրման մեկնարկը ՀՀ մարզային դպրոցներում։

Այս երկու տարիների ընթացքում ծրագիրն ամբողջությամբ լրամշակվել է Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի հետ համագործակցությամբ՝ դարձնելու այն միջազգային բոլոր չափանիշներին և կրթության գերազանցության միջազգային հարթակներին համապատասխան։

Այս ամենի արդյունքում ծրագիրը ձեռք բերեց միջազգային ճանաչում նախ Քեմբրիջի համալսարանի, ապա ճանաչման միջազգային խոշորագույն ցանցի՝ Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության գործակալության (UK NARIC) կողմից՝ բացառիկ երևույթ աշխարհի մակարդակով, երբ հայերենով քննությունները համարվում են համազոր աշխարհի ամենահայտնի անգլալեզու միջազգային քննություններին։ Եվ վերջերս էլ ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով թույլատրում է, որ Արարատյան բակալավրիատը ներդրվի հանրակրթական դպրոցներում», - ասել նա։

Արամյանի խոսքով, ծրագրի մյուս կարևոր բաղադրիչը նոր սերնդի ուսուցիչների զարգացման ծրագիրն է, որը մշակվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համատեղ, և որում ներգրավված ուսուցիչները կստանան միջազգային որակավորում։ Նախատեսվում է նաև մոտ ապագայում ԱԲ-ի ծրագիրը մտցնել ՀՀ մեկ կամ ավելի համալսարան՝ որպես կրթության մագիստրատուրայի աստիճան:

Երրորդ ձեռքբերումն այն է, որ Հայաստանն այսուհետ ունի միջազգայնորեն ճանաչված քննություններ, որոնց արդյունքները ճանաչված են աշխարհում և հնարավորություն են ընձեռում աշակերտներին ընդունվելու ՀՀ կամ միջազգային որևէ բուհ առանց հավելյալ քննությունների կամ կրեդիտավորելու այդ քննությունների արդյունքները արտասահմանյան բուհերում։

Խոսելով ծրագրին անդամակցության քայլերի մասին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է. «Այս պահին մեր հիմնական ուղերձը մարզերում տեղակայված ավագ բաղադրիչ ունեցող բոլոր այն դպրոցներին է, որոնք ձգտում են զարգացման և մոտիվացված ու պատրաստակամ են անցնելու զարգացման ծրագրով։ Դիմում-հայտերը ներկայացնելուց հետո «Այբ» հիմնադրամը թեկնածու դպրոցների հետ աշխատանք կսկսի թե՛ ուսուցիչների զարգացման ծրագրում ներգրավման, թե՛ ինստիտուցիոնալ զարգացման ուղղությամբ»։

Այդ դպրոցներում դասարանները կբացվեն արդեն 2018 թվականի սեպտեմբերի 1-ին։ Կրթությունը Արարատյան բակալավրիատի ծրագրով կլինի անվճար։ Ամբողջ ՀՀ-ում արդեն անցկացվել են հանրային լսումներ, և դպրոցներին ներկայացվել են թե՛ ԱԲ-ի ծրագիրը, թե՛ ծրագրին անդամակցելու քայլերը և պահանջները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---