Տավուշի ևս 59 ընտանիքի համար ջերմոցներ կկառուցվեն

Տավուշի ևս 59 ընտանիքի համար ջերմոցներ կկառուցվեն

PanARMENIAN.Net - «Հայաստան» հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ Տավուշի մարզի 10 համայնքում մեկնարկում է ջերմոցների կառուցման երրորդ փուլը:

Ոսկեվան, Արծվաբերդ, Կոթի, Ներքին Ծաղկավան, Բերդավան, Այգեհովիտ, Կողբ, Զորական, Դիտավան, Կիրանց գյուղերի 57 շահառու ընտանիքի տնամերձ հողատարածքներում կկառուցվեն 100քմ մակերեսով, մետաղյա կառուցվածքով և բարձրորակ ծածկով ջերմոցներ: Երկու ջերմոց էլ Հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմնի հովանավորությամբ կկառուցվի Խաչարձանում: Ջերմոցների շահագործման նախնական փուլում գյուղացիներին միանվագ կնվիրաբերվեն սածիլներ և կտրամադրվի անվճար խորհրդատվություն:

Ծրագրի համակարգող Մարիամ Ջենջիրջյանի խոսքով՝ շահառուներն ընտրվում են վիճակահանության միջոցով և համաֆինանսավորման պայմանով: Համայնքներն ընտրելիս հիմք է ընդունվել կառավարության կողմից սահմանված սահմանամերձ համայնքների ցանկը: 59 ջերմոցի կառուցման համար այս փուլում հայտ էր ներկայացրել 100 մենատնտես:

Մեկ ջերմոցի արժեքը կազմում է 5.400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 200.000 ՀՀ դրամը վճարում է շահառուն: «Տարեցտարի մարզում ավելանում է ջերմոցային տնտեսություն վարողների թիվը՝ 10-ից հասելով 102-ի: Հուսանք, որ 2017թ.-ին նախատեսված էլեկտրաէներգիայի սակագնի նվազումը կթեթևացնի ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռը»,- ասում է ծրագրի համակարգողը:

Առաջին և երկրորդ փուլերի 2013-15թթ. արդյունքում Դիտավան, Կիրանց, Բաղանիս, Այգեհովիտ, Վազաշեն, Գանձաքար և Խաչարձան գյուղերի 43 մենատնտես ջերմոցների շահագործման շնորհիվ ստանում է կայուն եկամուտ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---