Կոսովոյի կարգավիճակի որոշման հետագա ձգձգումը սպառնում է ողջ աշխարհի անվտանգությանը

PanARMENIAN.Net - Կոսովոյի վերջնական կարգավիճակի որոշման հետագա ցանկացած ձգձգում բացասական հետեւանքներ կունենա ինչպես Սերբիայից անջատված շրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր կայացած մամլո-ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: ՄԱԿ-ի ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ կազմակերպության Անվտանգության խորհուրդը կհամաձայնվի 120-օրյա խորհրդատվություններ նախատեսող ծրագրի հետ, որից հետո Կոսովոն կստանա անկախություն: Մամլո ասուլիսը կայացել է Պան Գի Մունի եւ Կոսովոյի նախագահ Ֆատմիր Սեյդիուի բանակցություններից հետո:



Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հավանություն են տվել միջազգային հանրության վերահսկողությամբ Կոսովոյին անկախություն տրամադրելու ծրագրին: Տվյալ լույսի ներքո, Ռուսատսանի կողմից այս ծրագրի հավանությունը հանդիսանում է գլխավոր հարցը Կոսովոյի ճակատագրի որոշման համար: Սակայն Մոսկվայի դիրքորոշումը անփոփոխ է մնում. Ռուսաստանը պնդում է, որ որոշումը պետք է ընդունվի երկու կողմերի համաձայնությամբ, եւ պատրաստվում է վետո դնել ցանկացած բանաձեւի վրա, որը կնախատեսի Կոսովոյի դուրս բերումը Սերբիայի կազմից, քանի որ տվյալ քայլը վտանգավոր նախադեպ կստեղծի:



ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից հնչած վերջին նախագծերը ենթադրում են հետաձգել Կոսովոյին անկախության տրամադրումը չորս ամսով: Նախագծի համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պետք է բանակցություններ կազմակերպի Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ 120 օրվա ընթացքում: Բացի այդ, բանաձեւը կողմերին զգուշացնում է «ձեռնպահ մնալ միակողմանի որոշումներից շրջանի վերջնական կարգավիճակի որոշման հարցում այդ ժամանակահատվածի ընթացքում», հայտնում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---