Սիրիացի իրավապաշտպանները մեղադրել են Թուրքիային խաղաղ բնակիչների սպանության մեջ

Սիրիացի իրավապաշտպանները մեղադրել են Թուրքիային խաղաղ բնակիչների սպանության մեջ

PanARMENIAN.Net - Առնվազն 88 քաղաքացիական անձ է զոհվել ԻՊ հսկողության տակ գտնվող Էլ Բաբ քաղաքի վրա թուրքական ավիացիայի հարձակումների արդյունքում: Այդ մասին հայտարարել են Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խորհրդում: Զոհվածների թվում 24 երեխա կա:

Ըստ Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խորհրդի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանի, 72 մարդ է զոհվել ռմբակոծությունների հետևանքով դեկտեմբերի 22-ին, ևս 16-ը` հաջորդ օրը: Սա թուրքական ԶՈւ ամենաարյունահեղ գրոհն է Սիրիա Թուրքիայի ներխուժումից հետո:

Էլ Բաբը գտնվում է Սիրիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա: Այժմ քաղաքը շրջափակված է, թուրքական զորքերը փակել են քաղաքը Հալեպի հետ կապող ճանապարհը:Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահանը» գործողության շրջանակում սպանվել է 12 թուրք զինծառայող, վիրավորվել 33-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ողջ-ողջ այրել են թուրքական բանակի 2 զինվորականի:

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը», թուրքական ԶՈւ աջակցությամբ Էլ Բաբ քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո, հարձակման կանցնի Մանբիջ քաղաքի ուղղությամբ:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---