Նարեկ Սարգսյանն ամփոփել է 2016-ը. «Հին Երևանը», «Զվարթնոցը», Տպարանի շենքի պայթեցումն ու աղետի գոտին

Նարեկ Սարգսյանն ամփոփել է 2016-ը. «Հին Երևանը», «Զվարթնոցը», Տպարանի շենքի պայթեցումն ու աղետի գոտին

PanARMENIAN.Net - «Երևանի փոքր կենտրոնի» մասին օրենքը երկար ճանապարհ է անցել և կվավերացվի 2017 թվականին: Այս մասին դեկտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված հարցազրույց-ասուլիսին ասել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ ընդունումից հետո օրենքը կլուծի բոլոր այն խնդիրները, մարտահրավերները, որոնք կան կառուցապատման մեջ:

Խոսելով այս տարվա ընթացքում խոշոր կառուցապատման ծրագրերի մասին՝ Սարգսյանն ասել է, որ լուրջ աշխատանք է կատարվել Ֆիրդուսի թաղամասի հետ կապված. «Այնտեղ մոտավորապես 40 տոկոսի վրա նախագծային աշխատանքեր են իրականացվում: Ներդրողը կա: Վստահություն ունեմ, որ 2017 թվականը կլինի բեկումնային», մեջբերում է Panorama.am-ը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը տեղեկացրել է նաև, որ «Հին Երևան» ծրագրի իրացան աշխատանքներն ակտիվ փուլում են, արդեն տարածքի 20 տոկոսի չափով շինարարական աշխատանքներ են սկսվել:

«Իրացման գործընթացն առաջ է գնում, ուղղակի աչքով տեսանելի չէ: Փետրվար-մարտ ամիսներին արդեն մեխանիզմներ կմտցվեն, կսկսեն մաքրել այդ հատվածը: Նախագծային մասի վրա ճարտարապետներն աշխատում են ներդրողների հետ, հավանաբար ամբողջապես կավարտեն ապրիլ-մայիսին: 2017-ի առաջին կիսամյակը կլինի բեկումնային և տեսանելի»,- նշել է նա՝ ընդգծելով, որ «Հին Երևան» ծրագրում ամբողջապես վերակառուցվելու է Աֆրիկյանների շենքը: Արամ Մանուկյանի տունը, Սարգսյանի խոսքով, այս պահին վթարային վիճակում է, այն առաջին հերթին կվերակառուցվի, կուժեղացվի, կպահպանվի:

«Ինչ վերաբերում է այդտեղ Արամ Մանուկյանի թանգարանային հատված ունենալուն, կարծում եմ, ներդրողին այդ հարցը կառավարությունը կներկայացնի: Կասկած չունեմ, որ ներդրողն ընդառաջ կգնա և շենքի մի զգալի հատված կդառնա թանգարան, քանի որ դրան սպասում են բոլորը: Կարծում եմ՝ դա ճիշտ լուծում կլինի»,- ասել է բանախոսը:

Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի խնդրին, Սարգսյանը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունը գրավոր ներկայացրել է իր հստակ դիրքորոշումը. «Օդանավակայանը բաղկացած է հինգ հիմնական էլեմենտից: Երեքը՝ փոքր կլոր հատված, մեծ կլոր հատված, աշտարակային հատված, բնորոշում են տվյալ շենքի արժեքը: Երկու մյուս հատվածները՝ կամրջակներ և պանդուս, ֆունկցիոնալ էլեմենտներ են, կարող են փոխվել, վերակառուցվել, քանդվել: Այսինքն՝ ցանկացած ձևով կարող են այդ երկու հատվածի հետ վարվել: Վստահ եմ, որ կպահպանվի «Զվարթնոց» օդանավակայանը»:

Ինչ վերաբերում է Պուշկին -Նալբանդյան հատվածում գտնվող շինություններին՝ մասնավորապես «Դոլմամա»-ի, հրշեջների շենքերին, Սարգսյանն ասել է, որ այդ հատվածում կան շենքեր, որոնք հուշարձանների ցանկում են, որոնք չպետք է քանդվեն:

«Կան ոչ հուշարձան շենքեր, որոնք ձևավորում են տվյալ փողոցի դիմագիծը, ևս չպետք է քանդվեն: Խնդիրը պետք է լուծվի այդ պայմաններում: Տեղյակ են մեր դիրքորոշմանը և՛ քաղաքապետարանում, և՛ ներդրողը: Ոչ մեկից, ոչ մյուսից մենք այլ դիրքորոշում չենք լսել: Երբ որ մշակվի, ավարտվի էսքիզային նախագիծը, պայմանավորվածություն կա, որ լայն հանրային իրազեկում կունենա»,- նշել է նա՝ հավելելով, որ անհանսգտություն չունի, որ ծածուկ որևէ բան արվի:

Տպարանի շենքի պայթեցումը, Նարեկ Սարգսյանի խոսքով, շատ անհասականալի պատմություն է:

«Ինչքան տեղյակ եմ՝ քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում քննարկել էին, մասնագետներն ասել էին, որ այդ հատվածը կարող են վերափոխել: Ինչ նպատակ կար պայթեցնելու՝ չգիտեմ»,- ասել է քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությանը, որով առաջարկվում է 100 տարեկան բոլոր շինություններն անխտիր ճանաչել պատմամշակութային հուշարձաններ, Նարեկ Սարգսյանն ասել է. «Դա նախարարի մոտեցումն է՝ որպես քաղաքականության մաս: Կասկած չունեմ՝ երբ սկսվեն քննարկումները, միանշանակ չի լինի այդ հարցի լուծումը: Չի կարող 100 տարեկան ցանկացած շինություն մնալ: Յուրաքանչյուր շինության խնդիրը լուծվում է՝ ելնելով նրա պատմական, ճարտարապետական, շինարարական արժեքից, տվյալ միջավայրում իր դիրքից ու տեղից: Պատմական շերտերի պահպանումը յուրաքանչյուր քաղաքի հարստությունն է, բայց օրենքը մշակելիս, վստահ եմ, որ այն, այնուամենայնիվ, փոփոխությունների կենթարկվի»

Հարցին՝ կառավարության նիստում խոստացել էիք ներդրումային ծրագրերի ցուցակ, կարո՞ղ եք մի քանի խոշոր ծրագիր ներկայացնել՝ Նարեկ Սարգսյանը պատասխանել է, որ 2017-ի համար շատ մեծ սպասումներ ունեն, որովհետեւ շարժ է նկատվում:Նա նշել է, որ ընդհանուր $500 միլիոն դոլարից ոչ պակաս արժողությամբ ծրագրեր ունեն, գրում է Aravot.am-ը:

Նա տեղեկացրել է, որ Հյուսիսային պողոտայի ծրագիրն ամբողջությամբ ավարտված չէ, մոտավորապես $100 միլիոն շինարարություն դեռևս պետք է իրականացվի հարակից հատվածներում:

Ներդրումային ծրագրեր կան նաև Երևանից դուրս: Մասնավորապես, նրա խոսքով, արաբական ներդրողների հետ բանակցություններ են վարվում Ջերմուկ քաղաքում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ:

«Այս ներդրումները կապված են Հայաստանի նախագահի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ այցի հետ»,- հավելել է նա:

Ներդրումային ծրագրեր կան նաև Գյումրիի որոշակի հատված լուրջ տուրիստական կենտրոնի վերածելու հետ կապված, աշխատանքներ են տարվում նաև Ախթալայում միջազգային գյուղ ստեղծելու ուղղությամբ: Անդրադառնալով աղետի գոտուն` Սարգսյանը հայտնեց, որ 2017 թվականին Գյումրի քաղաքի պարտավորությունները կավարտվեն, 2018 թվականին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին, գյուղական բնակավայրերի խնդիրը ևս կլուծվի, գրում է Yerkir.am-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---