Նախարար. Սևանա լճի մակարդակը 2015-ի համեմատ բարձրացել է 26 սմ-ով

Նախարար. Սևանա լճի մակարդակը 2015-ի համեմատ բարձրացել է 26 սմ-ով

PanARMENIAN.Net - Բնապահպանության ոլորտում կառավարության նախատեսած բոլոր ծրագրերն իրականացվել են: Այդ մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Կառավարության ծրագրով նախատեսված 6 միջոցառումն էլ իրականացվել է» ,- ասել է նախարարը:

Այս տարի նախարարությունում երկու գերակա խնդիր է եղել. Սևան լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնի ստեղծում: Երկուսն էլ, ըստ նախարարի, իրականացվել է:

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից 2016-ին Սևանի իշխանի ձվադրավայր հանդիսացող հինգ հիմնական գետերում (Կարճաղբյուր, Լիճք, Ծակքար, Արգիճի, Մասրիկ) բաց է թողնվել 0.071-0.7 գրամ միջին քաշով ` 920.7 հազ. հատ մանրաձուկ:

«Սևանա լճի մակարդակը կազմում է 1900 մետր 48 սմ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ 26 սմ-ով ավելի է» ,- տեղեկացրել է Արծվիկ Մինասյանը:

Մինասյանի խոսքով՝ բնապահպանության նախարարությունն իր գործառույթներով շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնումն ու բարելավումն իրականացնող պետական մարմնի կարգավիճակ պետք է ստանա:

«Իսկ դա նշանակում է, որ մենք ավելի նախաձեռնող, ավելի ակտիվ և ավելի ագրեսիվ պետք է լինենք, որպեսզի թույլ չտանք ձևավորվի այնպիսի կոնֆլիկտ, որը կբերի շրջակա միջավայրի վատթարացմանը: Հակառակը, պետք է կարողանանք ձևավորել այնպիսի համակարգ, որտեղ տնտեսական նախաձեռնությունները չդառնան փորձանք շրջակա միջավայրի, բնության և կենդանական աշխարհի համար» ,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը:

Բնապահպանության նախարարը նշել է, որ աշխատանքներ են տարվել ոլորտի խնդիրներն ախտորոշելու համար, որոնց լուծումները կտրվեն 2017 թվականին:

«Դրանք են, համակարգային կոռուպցիոն ռիսկերը, ոլորտի օրենսդրության իրավակիրակումը բավարար չէ, բացակայում են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման էկոհամակարգային մոտեցումները: Բնական կապիտալի և էկոհամակարգային ծառայությունների, տնտեսական արժեքային գնահատման համակարգը բացակայում է, չկա շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների միասնական պետական մոնիթորինգի, տեղեկատվական կառավարման համակարգ: Ցածր հասցեականություն ունեն բնօգտագործման և բնապահպանական վճարներից գոյացած գումարները, ձևավորված չէ բնապահպանական թույլտվությունների միասնական համակարգ, բնապահպանական պետական վերահսկողության արդյունավետությունը խիստ ցածր է, ջրավազանային կառավարումն իրականացվում է ցածր արդյունավետությամբ: Ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ցածր մակարդակի վրա է և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգերն անարդյունավետ են»,-շեշտել է Արծվիկ Մինասյանը:

Բնապահպանական վերահսկողության ուժեղացման նպատակով, նախատեսվում է միասնական տեսչական մարմնի ստեղծումը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---