Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն փրկարար ծառայությունը 158 դեպքի է արձագանքել

Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն փրկարար ծառայությունը 158 դեպքի է արձագանքել

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է 2017 թ.-ի առաջին խորհրդակցությունը, որը վարել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:

«Ամփոփելով 2016 թ.՝ ակնհայտ են նոր ձեռքբերումները, բայց բացթողումներ նույնպես կան: Առաջիկայում պետք է աշխատել նոր ռեժիմով, նոր եռանդով և նոր տեմպով: Այն վստահությունն ու համբավը, որ ստեղծել և վաստակել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, պետք է ամուր պահել և բարեխիղճ շարունակել մեր ծառայությունը», - ասել է Մխիթարյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցել է տոնական օրերին գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 158 դեպքի:

Ղազարյանն անդրադարձել է նաև դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի աշխատանքին: Արագածոտնի մարզի ժամանակավոր վրանային հենակետում գրանցվել է 5 դեպք, անվտանգ տարածք է տեղափոխվել 65 մարդ և 22 տրանսպորտային միջոց:

Սյունիքի մարզում ծավալված հենակետում գրանցվել է 2 դեպք, անվտանգ տարածք է տեղափոխվել 48 մարդ և 22 տրանսպորտային միջոց: Այն մարզերում, որտեղ ծավալված են հենակետերը ծառայությունն իրականացվել է նախապես սահմանված կարգով և հերթափոխով: Հենակետերը գործում են մինչ օրս և կշարունակեն հերթապահությունն ըստ անհրաժեշտության:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են տոն օրերին գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվել է նաև մարզերում ճանապարհների անցանելիության մասին:

Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Հովակիմյանը զեկույցում անդրադարձել է սահմանամերձ համայնքներում քաղաքացիական պաշտպանության հենակետերի ստեղծմանն ու ընթացիկ աշխատանքներին: Նշել է, որ պարբերաբար այցելություններ են կազմակերպվում հենակետեր, տեղում ծանոթանում ծառայությանն ու խնդիրներին:

Ոստիկանության տվյալներով՝ 2016-ի դեկտեմբերի 31-ից 2017-ի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 77-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 37-ը, խարդախության 9 դեպքից՝ 8-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---