Էրդողան. Թուրքական զորքերը չեն հեռանա Կիպրոսից

Էրդողան. Թուրքական զորքերը չեն հեռանա Կիպրոսից

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը դեմ է արտահայտվել թուրքական զորքերի դուրս բերմանը Կիպրոսից:

«Հյուսիսային Կիպրոսը բանակցություններում անկեծղ դիրքերից է հանդես գալիս: Հունաստանը չպետք է ակնկալի, որ կղզու խնդիրը կլուծվի, եթե Թուրքիան չլինի երաշխավոր երկիր: Թուրքիան կմնա Կիպրոսում: Նույնիսկ խոսք լինել չի կարող այն մասին, որ թուրք զինվորականները կարող են հեռանալ Կիպրոսից»,-ասել է Էրդողանը NTV-ի հեռուստաեթերում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Կիպրոսի հարցով միջազգային խորհրդաժողովը Ժնևում ապարդյուն է ավարտվել: Բանակցությունները կշարունակվեն:«Կողմերի փորձագետները կհանդիպեն հունվարի 18-ին»,-հայտարարել է հունվարի 12-ի ուշ երեկոյան Կիպրոսի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը:

Տարածքային հարցը, կամ տարածքային շտկումների հարցն ամենաբարդերից մեկն է միջհամայնքային բանակցություններում: Նախորդ փուլում կողմերը չեն կարողացել լուծել տարածքային խնդիրները, թեև հայտարարում էին «բանակցություններում առաջընթացի» մասին:

Կիպրոսը դե ֆակտո կիսվել է երկու մասի 1974-ին` Թուրքիայի ռազմական ներխուժումից, որը թուրքերը պատճառաբանեցին հույն զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այն տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---