Թրամփը չի բացառել ապագայում հակառուսական պատժամիջոցների չեղարկումը

Թրամփը չի բացառել ապագայում հակառուսական պատժամիջոցների չեղարկումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ անհապաղ չեղարկել հակառուսական պատժամիջոցները, սակայն չի բացառում, որ դա տեղի կունենա ապագայում: Այդ մասին Թրամփը հայտարարել է Wall Street Journal-ին տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նորընտիր նախագահը հայտարարել է, որ սահմանափակող պատժամիջոցները կպահպանվեն «առնվազն որոշ ժամանակ»: Միևնույն ժամանակ նա նշել է. «Եթե հաշտվել ենք, և Ռուսաստանն օգնում է մեզ, այդ դեպքում ինչու պետք է պահպանվեն պատժամիջոցները»:

Նախընտրական արշավի ժամանակ և հաղթանակից հետո Թրամփը բազմիցս է հայտարարել, որ մտադիր է գործակցել Ռուսաստանի հետ:

Հունվարի 13-ին Օբաման երկարացրել է պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014-ին Ղրիմում և Ուկրաինայում իրավիճակի պատճառով:

Մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ, որտեղ կան ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, շրջանառության մեջ են դրել ՌԴ դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը: ԱՄՆ օրենսդիրների մշակած լրացուցիչ պատժամիջոցների փաթեթը կառնչվի ՌԴ էներգետիկ հատվածին: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, դեմոկրատներ Բեն Քարդին և Ռոբերտ Մենենդեսը:

Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---