ԱՄՆ նախագահին արգելել են մշտական ռազմակայաններ ստեղծել Իրաքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթվա իր նիստում քվեարկել է այն օրինագծի օգտին, ըստ որի արգելվում է երկարաժամկետ կամ մշտական ամերիկյան ռազմակայաններ ստեղծել Իրաքի տարածքում, ինչպես նաեւ արգելվում է ԱՄՆ-ին վերահսկել այդ երկրի նավթային պաշարները: Օրինագծին հավանություն են տվել 399 կոնգրեսականներ, 24-ը դեմ են քվեարկել:



«Իրաքում ամերիկյան զինված ուժերի մշտական տեղակայման ապահովման նպատակով որեւէ ռազմական օբյեկտի կամ ռազմակայանի ստեղծումը կամ ԱՄՆ-ի կողմից Իրաքի նավթային ռեսուրսների վերահսկումը չեն արտահայտում ԱՄՆ քաղաքականությունը»,-ասվում է հավանություն ստացած փաստաթղթի տեքստում, որի համահեղինակներն են 77 կոնգրեսականներ:



Փաստաթուղթը արգելում է նաեւ ԱՄՆ վարչակազմին օգտագործել ցանկացած ֆինանսական միջոցներ, որոնք հաստատված են ամերիկյան կոնգրեսի օրենսդրական ակտով, Իրաքում մշտական ռազմակայաններ ստեղծելու կամ իրաքյան նավթը վերահսկելու համար: «Պատկերացումներն այն մասին, որ ԱՄՆ-ն մտադիր է օկուպացիայի ենթարկել Իրաքը մշտական հիմքի վրա, թույլ է տալիս ապստամբ խմբերին կողմնակիցներ հավաքագրել եւ նպաստում է բռնի գործողություններին: Հստակ հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն չի ձգտում երկարաժամկետ կամ մշտական ներկայություն ապահովել Իրաքում, հզոր ազդակ կլինի Իրաքի ժողովրդի եւ ողջ միջազգային հանրության համար առ այն, որ ԱՄՆ-ն ամբողջովին սատարում է Իրաքի ժողովրդին` ինքնիշխանության իրականացման եւ անվտանգության վերահսկման հարցում»,-ասվում է փաստաթղթում:



Այնտեղ ասվում է նաեւ, որ Սպիտակ տան կողմից ձեւավորված երկկուսակցական փորձագիտական խումբը Իրաքի վերաբերյալ իր հանձնարարականներում նույնպես ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահի համար կարեւոր է հրապարակայնորեն հայտարարել, որ Վաշինգտոնը չի ձգտում վերահսկել իրաքյան նավթը»,-ասվում է Իրաքի վերաբերյալ փորձագիտական խմբի հանձնարարականում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---