Սիրիահայերի հետագա ինտեգրման ռազմավարական ծրագիր է մշակվելու

Սիրիահայերի հետագա ինտեգրման ռազմավարական ծրագիր է մշակվելու

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ֆինանսական աջակցությամբ Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպող քարտուղարության կազմը համալրած չորս մասնագետներին: Միջոցառմանը մասնակցում էին «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի խորհրդատու Համազասպ Դանիելյանը, նախարարության աշխատակիցներ:

Նախարարը նշել է, որ երկար քննարկումներից հետո որոշվել է համալրել քարտուղարության կազմը, քանի, որ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի կազմակերպման, սիրիահայերի ընդունման, անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման, նրանց խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներն իրականացնում էր նախարարությունում գործող՝ 5 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, որը զբաղվում էր նաև սիրիահայերի դիմավորման գործընթացով: Նախարարը հույս է հայտնել, որ բաց մրցույթի արդյունքում համատեղ ընտրված չորս մասնագետները կնպաստեն Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման և լուծման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, նշված բոլոր կառույցների և օղակների բնականոն ընթացքն ապահովելուն:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը ներկայացրել է քարտուղարության նոր աշխատակիցների առաջիկա անելիքները և նշել, որ նրանք ուսումնասիրելու են սիրիահայերի հետ իրականացված բոլոր աշխատանքները և ՀՀ սփյուռքի նախարարության, այլ պետական մարմինների, բարեգործական, հասարակական, միջազգային և այլ կառույցների հետ համատեղ մշակելու են սիրիահայերի հետագա ինտեգրման ռազմավարական ծրագիր, որը կնպաստի կարճաժամկետ ծրագրերից անցում կատարել երկարաժամկետ ծրագրերի, հայտնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

2014 թ. ՀՀ սփյուռքի նախարարության և «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր՝ արևմտահայերենի ուսուցողական նյութերի հրատարակման և տարածման, Հայաստանում արևմտահայերենի ուսուցման կենտրոն ստեղծելու, Հայաստանի բուհերում հայագիտական առարկաների գծով սովորող սփյուռքահայ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու և այլ հարցերի վերաբերյալ: 2016թ հոկտեմբերին նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հիմնարկության 60 ամյակին նվիրված գիտաժողով:

2016-2017թթ. ուստարում սիրիահայ 436 ուսանողի ուսման վարձավճարների 70%-ը վճարվել է ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ֆինանսական աջակցությամբ, իսկ ծայրահեղ կարիքավոր սիրիահայ 25 ուսանողի ուսման վարձավճարների մնացած 30 տոկոսը փոխհատուցել է Հայ օգնության ֆոնդը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---