Օբաման սատարել է բողոքի ակցիաներին ընդդեմ ներգաղթի մասին Թրամփի հրամանագրի

Օբաման սատարել է բողոքի ակցիաներին ընդդեմ ներգաղթի մասին Թրամփի հրամանագրի

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հավանություն է տալիս նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի վերաբերյալ հրամանագրի դեմ բողոքի ակցիաներին: Այդ մասին հայտարարել է Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Քևին Լյուիսը:

Բարաք Օբաման, ըստ Լյուիսի, «կտրականապես դեմ է» խտրականությանը հավատի և կրոնի հատկանիշով: Ինչ վերաբերում է Թրամփի հրամանագրի դեմ բողոքներին, Լյուիսն ասել է, որ Օբաման «ոգևորված է» իր երկրի քաղաքացիների ակտիվությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին Washington Post-ի վրա հղումով:

Պարբերականը նշում է, որ սա Օբամայի առաջին մեկնաբանությունն էր նախագահ Թրամփի երդմնակալությունից հետո:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազատել է աշխատանքից գլխավոր դատախազի պաշտոնակատար, արդարադատության նախարար Սալլի Յեյթսին, որը հրաժարվել է կատարել ներգաղթի մասին Թրամփի հրամանագիրը:

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:

Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ որպես փախստականներ հակասում է ԱՄՆ շահերին: «Ես սառեցնում եմ սիրիացի փախստականների մուտքը մինչ այն ժամկետը, երբ կորոշեմ, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք թույլ կտան ընդունել նրանց»,-աասվում է Թրամփի հրամանագրում:

Սակայն Թրամփի հրամանագրում սողանցք կա փախստականների քանակի ավելացման համար` դիմումները քննելիս նախապատվությունը կտրվի կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդումների են ենթարկվում: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է օգնել սիրիացի քրիստոնյաներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---