Խոսնակ․ Նախագահի գնահատականը չի ազդել Ծառուկյանի որոշման վրա

Խոսնակ․ Նախագահի գնահատականը չի ազդել Ծառուկյանի որոշման վրա

PanARMENIAN.Net - Գագիկ Ծառուկյանն արդեն կայացրել է իր՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ որոշումը և ՀՀ նախագահի գնահատականն այդ որոշման վրա չի կարող անդրադառնալ։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Նախագահի հնչեցրած գնահատականը ոչինչ չի փոխել պրն Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշման հարցում»,- նշեց Տոնոյանը։

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին կուսակցության խորհրդի նիստից հետո ունեցած իր ելույթում հայտարարել է, որնախընտրական դաշինքների կազմավորման գործընթացն առողջ և ողջունելի է համարում, սակայն Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն չի ողջունում:

Անդրադառնալով Ծառուկյան դաշինքի հնարավոր նոր անդամներին՝ մասնավորապես՝ Սեյրան Օհանյանի հնարավոր ընդգրկմանը դրա կազմում, Ծառուկյանի խոսնակը նշեց․

«Տարբեր անձանց և քաղաքական գործիչների, կուսակցությունների ղեկավարների հետ պրն․ Ծառուկյանը պարբերաբար հանդիպում է, քննարկումներ ունենում։ Սակայն այս պահին ոչինչ ասել չենք կարող, քանի որ այդ ամենը դեռևս քննարկումների փուլում է։ Երբ կլինի պաշտոնական որոշումը դաշինքի կազմում ներառվելու մասին, հաճույքով պաշտոնապես կտեղեկացնենք»,- նշեց Տոնոյանը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԲՀԿ հիմնադիր, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը բանակցությունների մեջ են:Օհանյանը հայտնել է, որ չի բացառվում Օհանյան-Ծառուկյան դաշինքը։

Իվետա Տոնոյանը նաև հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է Ծառուկյանին՝ դաշինքում ընդգրկվելու ցանկություն հայտնելով, սակայն վերջինս մերժել է․

«Պրն Աբրահամյանի հետ Գագիկ Ծառուկյանը նման բովանդակությամբ հանդիպում կամ քննարկում չի ունեցել։ Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց Տոնոյանը։

Նախկին վարչապետ ու ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հաստատել է իշխող Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին տեղեկությունները: Ամիսներ առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերին վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Աբրահամյանը խոստացել էր «որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից՝ շարունակել հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու առաքելությունը»: ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարելով նա, սակայն, չի հստակեցրել իր ապագա ծրագրերը, մասնավորապես, չի նշել, ում հետ և ինչ ձևաչափով է պատկերացնում ապագա քաղաքական ճանապարհը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---