«Գահերի խաղի» հեղինակը կգրի սագայի շարունակությունը

«Գահերի խաղի» հեղինակը կգրի սագայի շարունակությունը

PanARMENIAN.Net - «Սառույցի և կրակի երգը» ֆենտեզի պատումի հեղինակ Ջորջ Մարտինը, որի հիման վրա նկարահանվել է «Գահերի խաղը» սիրված սերիալը, որոշել է ուրախացնել իր երկրպագուներին: 2017-ի հոկտեմբերին լույս կտեսնի Մարտինի նոր պատմվածքը, որը սառույցի և կրակի աշխարհի մասին է:

Ֆենտեզի հավաքածուն կոչվելու է «Թրերի գիրքը», որտեղ կհրապարակվեն տարբեր հեղինակների կարճ գրական երկերը, որոնց թվում կլինի նաև Մարտինի «Վիշապի որդիները» պատմվածքը: Նոր պատմությունը պրիքվել կլինի, որը կհամալրի գրքերի և սերիալի ընդհանուր պատկերը: «Վիշապի որդիները» էականորեն կտարբերվի սագայի մյուս վեպերից: Այս պատմվածքը Թարգարիենների II և III սերնդի արքաների` Էյնիս Առաջինի և Մեյգորի Առաջին Դաժանի կառավարման մասին է, գրում է comandir.com-ը:

Սագայի երկրպագուներին վաղուց է հայտնի, որ Մարտինը մի քանի տարի շարունակ գրում է վիպաշարի նոր` «Ձմռան քամիները» վեպը: Այդ գիրքը նախավերջինը կլինի, քանի որ «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանը կցուցադրվի արդեն ամռանը:

«Ձմռան քամիները» սպասված գիրք է, Մարտինը խոստացել է հրատարակել այն մինչև 2017-ի ավարտը, եթե արտակարգ իրավիճակներ չառաջանան:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---