Վարչապետ. Առողջապահության ոլորտը պետք է սկզբունքորեն փոխենք

Վարչապետ. Առողջապահության ոլորտը պետք է սկզբունքորեն փոխենք

PanARMENIAN.Net - Առողջապահության ոլորտը պետք է սկզբունքորեն փոխել: Այս մասին փետրվարի 6-ին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարությունում շարունակվող ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկմանը:

Ամփոփելով հաշվետվության արդյունքները՝ նա նշել է, որ 2017 թ. ԱՆ անձնակազմից ակնկալում է չափազանց արդյունավետ աշխատանք.

«Ձեր անձնակազմից սպասում եմ օպտիմալացում, որովհետև ոլորտին 85 մլրդ ՀՀ դրամ ենք հատկացնում, որը շատ չէ, բայց ավելի լավ արդյունք կարելի է ստանալ՝ քիչ գումարով: Սպասում եմ, որ քիչ թե շատ կայացած կլինիկաները մարզեր գնան, մշակույթ փոխեն, սպասում եմ էլեկտրոնային առողջապահության, նաև մյուս ծրագրերին ու ընդհանրապես ձեզնից հեղափոխություն եմ սպասում լավ իմաստով: Լիքը բան ունենք անելու և այս ոլորտը պետք է սկզբունքորեն փոխենք»:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն էլ իր հերթին վարչապետին զեկուցել է, որ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում կատարվել է մարզային բժշկական կենտրոնների կառուցում, հիմնանորոգում և վերազինում։ Շահագործման են հանձնվել Մեղրու տարածաշրջանային բազմապրոֆիլ և նորակառույց 5 գյուղական առողջության կենտրոնները։ Մեկնարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի շինարարական աշխատանքները: Արդիականացվել և վերջին սերնդի բժշկական սարքավորումներով է հագեցվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը»:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ առողջապահության նախարարը ներկայացրել է նաև 2017 թ. գերակա խնդիրները՝ առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության ապահովում, օպտիմալացում, բժշկական օգնության և սպասարկման ոլորտում պետական պատվերի կազմակերպման մեխանիզմների կատարելագործում, դեղերի շուկայում միջազգային ստանդարտների, էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի ներդրում, միջազգային առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի տեղայնացում ու ներդրում, բժշկական հաշտարարի համակարգի ստեղծում, ինչպես նաև առողջ ապրելակերպի տարածմանը միտված միջոցառումների իրականացում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---