Ասադը չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունները Սիրիայում

Ասադը չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունները Սիրիայում

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: «Եթե Սիրիայի ժողովուրդը չի ցանկանա ինձ տեսնել այդ պաշտոնում, ես անմիջապես կհեռանամ»,-ասել է Ասադը:

Պատասխանելով մինչ 2021թ., երբ լրանում է նախագահության ժամկետը, վաղաժամ ընտրությունների անցկացման հավանականության մասին հարցին` Սիրիայի նախագահն ասել է. «Եթե ժողովուրդն այդպես որոշի», հայտնում է ՏԱՍՍ-ը Yahoo News-ի վրա հղումով:

Ասադը նշել է, որ «դեռ շատ վաղ է քննարկել այդ հարցը»: «Առանց ահաբեկիչներին հաղթելու ոչ մի որոշում արդյունք չի տա»,-ասել է նա:

«Ահաբեկչության դեմ պայքարին զուգահեռ պետք է միջսիրիական երկխոսություն ընթանա Սիրիայի ապագայի մասին, որը ներառում է նաև քաղաքական կառուցվածքը: Այն ժամանակ կկարողանանք ընտրություններ անցկացնել, ստեղծել ազգային միասնության կառավարություն, անցկացնել խորհրդարանական ընտրություններ, իսկ հետո` նախագահական, եթե այդպես ցանկանա Սիրիայի ժողովուրդը»,-ասել է Ասադը:

Սիրիայի սահմանադրության նախագիծը, որն առաջարկել է ռուսական կողմն Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների ժամանակ, ենթադրում է առավելագույնը 19 տարվա նախագահություն Բաշար Ասադի համար:

Բաշար Ասադը նախագահ է հաստատվել 2000 և 2007թթ., իսկ 2014-ի հունիսի 3-ին նախագահ է վերընտրվել առաջին այլընտրանքային ընտրություններում` հավաքելով ձայների 88.7 %-ով: 2014-ի ընտրություններն անցել են քաղաքացիական պատերազմի պայմաններում և բոյկոտվել են ընդդիմության կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---