ՌԴ-ն սատարում է Հարավային Օսիայի դիրքորոշմանը տարանցիկ բեռնափոխադրումների հարցում

ՌԴ-ն սատարում է Հարավային Օսիայի դիրքորոշմանը տարանցիկ բեռնափոխադրումների հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանն իրավաչափ է համարում Հարավային Օսիայի դիրքորոշումը, որի համաձայն բեռների տարանցման հարցը կարող է լուծվել միայն հանրապետության իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում և քանի դեռ չի գործարկվել դիտարկման մեխանիզմը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ Հարավային Օսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ տարանցիկ բեռնափոխադրումների հարցը կարող է լուծվել միայն հանրապետության իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում:

«Հարավային Օսիայի այդ դիրքորոշումը միանգամայն իրավաչափ է»,-ասել է Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հիշեցրել է, որ ՌԴ և Վրաստանի միջև 2011-ին կնքված համաձայնագիրը պարտավորություններ չի նախատեսում երրորդ երկրների համար: «Մաքսային վարչարարության նախատեսված միջոցներն ու դիտարկումը իրականցվելու է բացառապես ՌԴ և Վրաստանի տարածքներում: Տարանցիկ երթուղիներով բեռների փոխադրման պայմանները լրացուցիչ քննարկման են ենթակա համապատասխան տարանցիկ երկրների հետ»,-ասել է Զախարովան` հավելելով, որ «առայժմ այդպիսի քննարկումը վաղաժամ կլինի»:

«Առաջին հերթին հարկավոր է գործարկել դիտարկման մեխանիզմն ըստ ռուս-վրացական համաձայնագրի: ՌԴ-ն դա առաջարկել էր դեռ 1 տարի առաջ: Կարասին-Աբաշիձե Պրահայի հանդիպումը թույլ է տալիս հուսալ, որ մարտի ավարտին, երբ Շվեյցարիայի միջնորդությամբ կվերսկսվի երկխոսությունն այս հարցով, վրաց գործընկերները պատշաճ կառուցողական վերաբերմունք կդրսևորեն»,-ասել է նա:

Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գրիգորի Կարասինը Պրահայում տեղի ունեցած հերթական աշխատանքային հանդիպման ժամանակ պայմանավորվել են արագացնել դեռևս 2011-ին կնքված վրաց-ռուսական սահմանին ապրանքաշրջանառության դիտարկման մասին պայմանագրի իրագործումը:Պայմանագիրը թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին: Դա թույլ կտա գործարկել Հարավային Օսեթիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար:

Այդպիսի համակարգը թույլ կտա կողմերին խուսափել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նուրբ հարցից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---