ԱԻՆ-ը՝ հնարավոր վարարման մասին. Մեծ ձնածածկույթը որոշիչ չէ, միաժամանակ մի քանի երևույթ պիտի լինի

ԱԻՆ-ը՝ հնարավոր վարարման մասին. Մեծ ձնածածկույթը որոշիչ չէ,  միաժամանակ մի քանի երևույթ պիտի լինի

PanARMENIAN.Net - Մեծ ծավալների ձնածածկույթը դեռ որոշիչ պատճառ չէ ուժեղ արտահայտված գարնանային վարարումների առաջացման համար: Գետերում ջրի ելքերի կտրուկ բարձրացման համար անհրաժեշտ է մի քանի օդերևութաբանական երևույթների միաժամանակյա առկայությունը, մասնավորապես՝ օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը և դրան ուղեկցող տաք անձրևները, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Նշվում է, որ ՀՀ տարածքի գետերի սնումը խառն է, ընդ որում՝ տարբեր գետային ավազաններում այս կամ այն սնման բաղադրիչի դերը ենթարկվում է նշանակալի փոփոխության: Գետերի հոսքի ռեժիմին բնորոշ են հետևյալ փուլերը. գարնանային վարարումներ, անձրևներից առաջացած հորդացումներ, աշնանային և ձմեռային սակավաջրություն:

Գարնանային վարարումները ՀՀ գետերի, այդ թվում՝ Հրազդանի և Գետառի ջրային ռեժիմի հիմնական փուլն է, որը գրեթե բոլոր գետերի մոտ հանդես է գալիս լավ արտահայտված՝ մեկ ընդհանուր ալիքի տեսքով: Այն ձևավորվում է ստորերկրյա և հալոցքային ջրերից, ինչպես նաև՝ անձրևաջրերից: Սինոպտիկական պրոցեսների ժամանակ, երբ տեղի է ունենում օդի ջերմաստիճանի զգալի և կտրուկ բարձրացում, միաժամանակ ձնհալք բարձրադիր գոտիներում, որն ուղեկցվում է տաք անձրևներով, վարարումները արտահայտվում են բուռն կերպով և առանձնանում են ջրի մակարդակի զգալի բարձրացումներով: Այդպիսի վարարումների տևողությունը համեմատաբար կարճ է՝ 2-3 օր:

Հանրապետության տարածքի գետերի առավելագույն ելքերը դիտվում են հիմնականում գարնանային վարարումների ընթացքում՝ մարտ-ապրիլ ամիսներին, իսկ Արաքս գետի ավազանում հնարավոր է նաև մայիս ամսվա առաջին հատվածում: Ուստի, վերջինիս՝ ժամանակին կանխատեսումը կանխարգելում է այն վտանգը, որը կարող է տեղի ունենալ առավելագույն ելքերի անցման ժամանակ:

Ներկա պահին հնարավոր չէ կանխատեսել Երևանով հոսող Գետառ և Հրազդան գետերում ջրի մակարդակի ինտենսիվ բարձրացումներ կլինեն, թե ոչ: Նման երևույթները կանխատեսելի են միայն 5-6 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներն ու դրան ուղեկցող ինտենսիվ անձրևները:

Օրինակ՝ 2004 թ.-ի մարտի 5-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան ներթափանցած տաք օդային հոսանքները և դրանց ուղեկցող առատ անձրևները, մի շարք գետերում, այդ թվում՝ Հրազդան գետում ինտենսիվ վարարումների և ափամերձ տարածքների ջրածածկման պատճառ հանդիսացան: Մինչդեռ այդ տարի՝ փետրվարի վերջին և մարտի սկզբին, հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում ձնածածկույթ ընդհանրապես բացակայում էր, ձյան ծածկ առկա էր միայն 1700 մ-ից բարձր գոտիներում:

Լինում է նաև ճիշտ հակառակը: 2012 թ.-ի փետրվարին հանրապետության ողջ տարածքում հաստատված կայուն և հզոր ձնածածկույթը, որը լեռնային գոտիներում հասնում էր 60-100 սմ, Հրազդան և Ջերմուկ քաղաքներում՝ 103-127 սմ, Երևանում՝ 35-40 սմ, օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացման արդյունքում ՀՀ գրեթե բոլոր գետերում նույնիսկ լուրջ վարարման ալիք չառաջացրեց:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ 2017 թ. մարտին Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը նախատեսել է կազմել գարնանային վարարումների կանխատեսում և այն տրամադրել ՀՀ պետական ու տարածքային կառավարման մարմիններին, լրատվամիջոցներին, իսկ հնարավոր հեղեղումների և ջրածածկումների վտանգի առկայության վերաբերյալ ահազանգումներն ու նախազգուշացումները կտարածվեն 4-5 վաղօրոքությամբ՝ կանխատեսումների տեսքով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---