EU-Asia Bussiness Finance Center Holding-ը՝ վարչապետին. «Նաիրիտի» վերագործարկման ընդարձակ ծրագիր կար

EU-Asia Bussiness Finance Center Holding-ը՝ վարչապետին. «Նաիրիտի» վերագործարկման ընդարձակ ծրագիր կար

PanARMENIAN.Net - EU-Asia Bussiness Finance Center Holding-ը հայտարարություն է տարածել՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ սփյուռքին ուղղված կոչի հետ կապված:

«Պարոն Վարչապետ, Ձեր կողմից փորձ է արվում «գրավել» սփյուռքահայությանը ներդրումային կոչերով, շահագրգռել, սիրաշահել սփյուռքի գործարարներին՝ գալու Հայաստան և կատարելու ներդրումներ Հայաստանի տնտեսությունում:

Սակայն հարկ ենք համարում հիշեցնել Ձեզ, որ ընդամենը ամիսներ առաջ՝ 2016թ. աշնանը, EU-Asia Bussiness Finance Center Holding-ի նախաձեռնությամբ Սլովակիաից, գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակություն էր ժամանել Երևան՝ ՀՀ կառավարության հետ քննարկելու Նաիրիտի վերագործարկման, արտադրանքի ամբողջական վերաթողարկման, նոր շունչ հաղորդելու և միջազգային շուկա մուտք գործելու հետ կապված հարցերը՝ որոնք կառավարության կողմից աջակցելու և գրավիչ ու բարենպաստ պայմաններ ստեղծելու փոխարեն անտեսվեցին և արվեց հնարավոր ամեն ինչ` այդ գլոբալ գործարքը չիրականացնելու համար», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ վարչապետը հայտարարել էր, թե EU-Asia Bussiness Finance Center Holding-ի կողմից ոչ մի ծրագիր չի ներկայացվել կառավարությանը, չնայած որ ներկայացվել էր ընդարձակ ծրագիր:

«Եվ հանկարծ շատ անհասկանալի և չափազանց արագացված տեմպերով սկսվեց Նաիրիտի սնանկության գործընթաց, և արդեն նոյեմբեր 28-ին դատարանի վճռով գործարանը ճանաչվեց սնանկ, որով և սկիզբ դրվեց Նաիրիտի «ոչնչացման» ծրագրին: Եվ սա այն դեպքում, երբ նույն ամսվա՝ նոյեմբեր 14-ին հայտարարվել էր մրցույթ (տենդեր), որը բացի ձևական լինելուց՝ ի սկզբանե նախատեսված է եղել ժամանակ շահելու նամար:

Իսկ դատարանի 2017թ. փետրվարի 17-ի որոշումներով սկսվել է Նաիրիտի լուծարման վարույթ և կասեցվել գործունեությունը:

Պարոն Վարչապետ, Նաիրիտի հետ կապված այս իրավիճակը անհերքելի ապացույց է, որ ՀՀ կառավարությունը ցանկություն չունի դրական քայլեր կատարելու ի նպաստ ՀՀ տնտեսության վերականգնմանը, հակառակ դեպքում միտումնավոր այսպիսի իրավիճակ չէր ստեղծվի», - հավելվում է հայտարարությունում:

Կոչ է արվում սփյուռքահայերին չհավատալ և չընդառաջել նման կոչերին և հայտարարություններին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է անում սփյուռքին և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակցել հայրենիքի ապագայի կառուցմանը, միավորվել ու խելացի օգտագործել մրցակցային առավելությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---