Փաշինյան. Մարտի 1-ի դեպքերի մեղավորները երկուսն են

Փաշինյան. Մարտի 1-ի դեպքերի մեղավորները երկուսն են

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին կայացել է ԵԼՔ դաշինքի անդամների երթը դեպի Մյասնիկյանի արձանի տարածք՝ ի հիշատակ 2008-ի բախումների հետևանքով զոհվածների։

Մարտի 1-ի դեպքերից 9 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել:

Երթին մասնակցում էին դաշինքի ցուցակը գլխավորող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նաև մի քանի տասնյակ քաղաքացի էր մասնակցել:

Վերջինս լրագրողներին ասել է, որ Մարտի 1-ի սպանությունները մնում են չբացահայտված. «Տեղի ունեցածի մեղավորները երկուսն են՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը… ամենավատ մղձավանջում անգամ դժվար է հավատալ, որ իշխանությունները սեփական ժողովրդի դեմ մարտական զենք ու փամփուշտներ կօգտագործեին, բայց դա տեղի է ունեցել, մինչդեռ պետք է բացառվեր», - մեջբերում է Aravot.am-ը:

Փաշինյանի խոսքով՝ քննությունը ցույց է տվել, որ Ազատության հրապարակում ցուցարարների մոտ ոչ մի զենք չի եղել. «Դրան հիմնավորում չտրվեց: Թեև հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե ամեն ինչ նկարահանված է, ցույց կտան, բայց այդ նկարահանումները մինչ օրս չենք տեսել»:

Փաշինյանի բնորոշմամբ՝ ներքաղաքական իրավիճակում լարվածության որոշակի նախադրյալներ կան, որոնք կապված են ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ի ներքին բախումների հետ, նաև՝ քաղաքացիների հաշվառման վայրերը փոխելու հետ:

Մարտի 1-ին` ժամը 18։00-ին, Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքի է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ի հիշատակ 2008-ի բախումների հետևանքով զոհվածների։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---