ՍԱՊԾ-ն պարզեցնում է սննդի շղթայի օպերատորների և սպառողների համար ընթացակարգերը

ՍԱՊԾ-ն պարզեցնում է սննդի շղթայի օպերատորների և սպառողների համար ընթացակարգերը

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն ունի սպասարկման նոր կենտրոն և, այսուհետ, նախատեսում է ավելի համակարգված ու կենտրոնացված ծառայություններ մատուցել սպառողներին ու տնտեսավարողներին՝ նվազեցնելով վարչարարությունը, կրճատելով ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, բացառելով տեղեկատվություն ստանալու նպատակով մի քանի ստորաբաժանում դիմելու անհրաժեշտությունը, նվազագույնի հասցնելով տնտեսավարող-պաշտոնյա շփումը, ապահովելով իրականացվող բոլոր գործընթացների թափանցիկությունը:

Մարտի 3-ին տեղի է ունեցել սպասարկման կենտրոնի բացման արարողությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և այլ հյուրերի մասնակցությամբ:

Ծառայության պետ Իշխան Կարապետյանը բացման խոսքում նշել է. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգալիորեն պարզեցրել է վարչարարությունն ու ծառայությանն առնչվող ընթացակարգերը, ներդրել էլեկտրոնային կառավարման գործիքներ և, արդյունքում, ապահովել գործողությունների թափանցիկությունը: Հուսով եմ՝ սպասարկման կենտրոնում առաջարկվող ծառայությունները կօգնեն թե տնտեսավարողներին և թե սպառողներին, միաժամանակ՝ կխնայվի բոլորի ժամանակը»:

Սպասարկման նորաբաց կենտրոնն ունի խորհրդատու, ով տեղում կաջակցի այս կամ այն պատասխանը փնտրող այցելուներին՝ տարբեր ստորաբաժանումներ ուղղորդելու փոխարեն: Մասնավորապես, այժմ հնարավոր է առանց հերթագրման խորհրդատուից նախապես ճշտել ներմուծվող ապրանքի ռիսկն ու դրա հետ կապված հետագա գործողությունները (ապրանքի ռիսկայնության մակարդակը տնտեսվարողը կարող է ճշտել նաև ծառայության պաշտոնական կայքում՝ snund.am, տեղադրված ռիսկերի էլեկտրոնային հաշվիչի միջոցով):

Այսուհետև ներմուծվող և արտահանվող ապրանքի սերտիֆիկատները կկնքվեն տեղում՝ էլեկտրոնային եղանակով լրացվելուց հետո, ինչը ենթադրում է տնետասավարողի ժամանակի մեծ խնայողություն ու վարչարարության նվազեցում: Նույն ընթացակարգն է նաև կենդանականան ծագման ապրանքների արտահանման ժամանակ տրամադրվող տեղեկանքի դեպքում. անասնահամաճարակային վիճակի մասին տեղեկանքն արդեն գրվում է անասնաբուժության տեսչության կողմից պարբերաբար տրվող տեղեկատվության հիման վրա՝ կնքվելով սպասարկման կենտրոնի պատասխանատուի կողմից:

Ներմուծման և արտահանման գործընթացները ևս համակարգվել են, որի արդյունքում հնարավոր կլինի ծառայության ենթահսկման ներմուծվող և արտահանվող բեռների փաստաթղթավորումն իրականացնել 4-5 անգամ ավելի կարճ ժամանակահատվածում՝ 20 րոպեում՝ նախկին մեկուկես կամ երկու ժամվա փոխարեն:

Ստեղծվել է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա և, եռամսյակային պարբերականությամբ ու սահմանված ձևաչափով տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, տնտեսավարողը հնարավորություն է ստանում բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության: Այսինքն՝ տնտեսավարողը ստացել է փորձաքննության համար նախատեսված՝ 3-10 աշխատանքային օրը 1-ով փոխարինելու հնարավորություն:

Սպասարկման սրահում տեղադրված վճարման տերմինալը հնարավորություն կտա տնտեսավարողին ներմուծման բեռի զննման կամ լաբորատոր փորձաքննության համար նախատեսված գումարը հատուկ հաշվեհամարներին փոխանցել անմիջապես՝ խնայելով մոտակա բանկի մասնաճյուղ այցելելու ժամանակը: Ծառայության գործունեության հետ առնչվող բոլոր ձևաթղթերի օրինակները հրապարակված են կենտրոնի տեսանելի վայրում: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության նորաբաց սպասարկման կենտրոն այցելող սպառողների և տնտեսավարողների համար կլինեն նաև բուկլետներ, ուղեցույցներ՝ օգտակար խորհրդատվությամբ և ցուցումներով:

Սպասարկման կենտրոնը հնարավոր է դարձել գործարկել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Գյուղատնտեսական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում և աջակցությամբ: Տեղեկացնենք, որ ՍԱՊԾ սպասարկման կենտրոնը գործում է աշխատանքային օրերին առանց ընդմիջման. այն կաշխատի նաև շաբաթ օրը՝ մինչև ժամը 13.00:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---