Շահեն Հարությունյան. Մինչև սեփական աչքերով չտեսնենք, չենք հավատա, որ Արթուր Սարգսյանն ազատ է

Շահեն Հարությունյան. Մինչև սեփական աչքերով չտեսնենք, չենք հավատա, որ Արթուր Սարգսյանն ազատ է

PanARMENIAN.Net - Չենք հավատա, որ Արթուր Սարգսյանին ազատել են, մինչև սեփական աչքերով չտեսնենք: Այդ մասին PanARMENIAN.Net –ին հայտարարեց ի աջակցություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի նստացույցի նախաձեռնող Շահեն Հարությունյանը:

«Մարտի 3-ին էլ խոսակցություններ կային, թե Արթուր Սարգսյանին ազատելու են, բայց այդպես չեղավ: Մենք կհավատանք, երբ որ սեփական աչքերով տեսնենք նրան»,-ասել է Հարությունյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, թե Գլխավոր դատախազությունը բավարարել է ՀՀ ԱԺ պատգամավորների միջնորդությունը Սարգսյանին ազատելու վերաբերյալ:

Նա հավելել է, որ երբ Արթուր Սարգսյանն ազատ արձակվի, ցուցարարները կհայտարարեն իրենց հետագա գործողությունների մասին, իսկ մինչ այդ մտադիր չեն հեռանալ Ազատության հրապարակից:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ գրել էր. «Մարտի 6-ին Հաց բերողը ազատ կարձակվի։ Գլխավոր դատախազությունը բավարարում է մեր պատգամավորական միջնորդությունը։ Հիմա թղթերն ենք ձևակերպում։ Քիչ առաջ հանդիպեցինք Հաց բերողի հետ»:

Փետրվարի 27-ին 27 պատգամավոր ստորագրել է հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը: Գրառման մեջ ներկայացված է երաշխավորությունը ստորագրած պատգամավորների ցուցակը. Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Լյուդմիլա Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Նաիրա Զոհրաբյան, Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Միքայել Մանուկյան, Միքայել Մելքումյան, Տիգրան Ներսիսյան, Լեւոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լյովա Խաչատրյան, Վահան Կարապետյան, Հրանտ Դավթյան, Մերուժան Սիմոնյան, Արմեն Ավետիսյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Արայիկ Աղաբաբյան:

Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։ Արթուր Սարգսյանի ազատությունը պահանջող մի խումք քաղաքացիներ նստացույց են անցկացնում Ազատության հրապարակում: Փաստաթուղթը ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---